Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ՀՀ ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Էբրահիմ Ռայիսին:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշակութային սերտ առնչությունների վրա:
Նախանշելով համագործակցության խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնելհամատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը եւ առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը:
Նախագահ Ռայիսին կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին և ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են:
Հայկական կողմը մեծապես կարևորումէէներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը:
«Պետք է նշեմ նաև, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում է»,-ասել է Ալեն Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ նախագահն Իրանի նախագահին է ներկայացրել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված հետպատերազմյան իրավիճակը, հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, և Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում:
Հանդիպմանը կարևորվել են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը, եզրափակելով խոսքը, համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխհամագործակցությունը զարգացման ու ընդլայման մեծ ներուժ ունի եւ պատրաստէաջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ երկու բարեկամժողովուրդների: