ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարության հաղորդմամբ՝ Խաչատրյանն ընդգծել է Հայաստանում ՌԴ դեսպանության և նախարարության միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի կարևորությունըև դրանք հետևողականորեն իրագործելու պատրաստակամություն հայտնել:
Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և նշել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն առանձնակի նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, փոխգործակցության ամրապնդման առումով:
Նախարարը դեսպանին է ներկայացրել ռուսական կողմի հետ ադիտիվ տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ընթացքը և ծրագրերը։
Ռոբերտ Խաչատրյանն ու Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին նախարարության մասնակցության հետ կապված հարցերին։
Նախարար Խաչատրյանը նշել է, որ վերջին շրջանում ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից Հայաստանում աշխատելու մեծ հետաքրքրություն է նկատվում, ինչը կարող է խթան հանդիսանալ տեղական շուկայում մրցակցության աշխուժացմանը։
Ռոբերտ Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև տիեզերական ծառայությունների զարգացման կարևորությունը: Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ առաջին տիեզերական արբանյակի հետ կապված մի շարք մանրամասներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև գործակցության ընդլայնման, ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: