Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը՝ SpaceX-ի տիեզերանավով․ Փաշինյանը՝ կարևոր լուրով - RadioVan.fm

Онлайн

Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը՝ SpaceX-ի տիեզերանավով․ Փաշինյանը՝ կարևոր լուրով  

2022-05-26 12:58 , Политика, 1078

Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը՝ SpaceX-ի տիեզերանավով․ Փաշինյանը՝ կարևոր լուրով

Նախօրեին՝ մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, ասելով, որ կարևոր լուր ունի փոխանցելու, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա իրականաություն է դարձել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։

«Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը:

Առաջիկայում՝ ավելի կոնկրետ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար:

Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։

Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի և այլ համակարգեր, համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել և 2020 թվականի մարտի 6-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը համապատասխան կառավարության որոշումների փաթեթի հետ միասին սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև անվտանգության ստանդարտները, լիցենզավորման, թողարկման, կառավարման կարգերը։ Օրենսդրական այս փաթեթով նաև հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ երեկ հրթիռի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:

Փաշինյանը, միաժամանակ, ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, և այս է պատճառը, որ նախնական որևէ տեղեկատվություն չի հրապարակվել:

«Գաղտնիության հետ կապված որոշումները կայացրել ենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Կատարված աշխատանքը, ահա, տվել է կոնկրետ արդյունք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»,-ասել է կառավարության ղեկավարը։

Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը։

Лента

Рекомендуем посмотреть