Հրավառության կանոնների խախտման համար սահմանված տուգանքները կխստացվեն: Գործադիրն այսօր հաստատել է համապատասխան որոշման նախագիծը, ըստ որի առաջարկվում է առանց թույլտվության, սահմանված վայրի և ժամի պահանջների խախտումներով հրավառություն իրականացնողներին տունգանել 1 մլն դրամի չափով, իսկ նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում կարգազանցը կտուգանվի 2 միլիոն դրամով:
Հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին:
Նախագծի ընդունմամբ տրվելու է նաև «հրավառություն», «հրագործական նյութ», «բնակչությանը ազատ վաճառվող հրավառություններ», տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություններ» տերմինների բացատրությունը:
Ըստ այդմ՝
հրագործական նյութ (արտադրանք)՝ ինքնաշխատ օգտագործման՝ հրագործական բաղադրիչների այրման և/կամ պայթյունի միջոցով անհրաժեշտ արդյունքի ստացման համար նախատեսված հրագործական միացությունների (խառնուրդների), տարրերի, սարքավորումների ու սարքերի ամբողջություն.
հրագործական բաղադրիչ՝ որոշակի քիմիական նյութերի և միացությունների խտացված խառնուրդ, որը այրման և/կամ պայթյունի արդյունքում գազային, ջերմային, մեխանիկական էներգիայի արտազատման միջոցով ստեղծում է տարբեր օպտիկական, լուսային, ձայնային, էլեկտրական կամ ճնշումային ազդեցություն.
հրավառություն՝ հրագործական նյութի (արտադրանքի) և հրագործական բաղադրիչի ծրագրված կիրառում, որը կարող է վտանգել մարդու կյանքը, առողջությունը և վնասներ պատճառել շրջակա միջավայրին ու գույքին:
բնակչությանը ազատ վաճառվող հրավառություններ՝ կենցաղային նշանակության հրավառություններ, որոնց հետ վարվելը չի պահանջում հատուկ գիտելիքներ ու հմտություն և ճշտությամբ կատարելով դրանց փաթեթվածքների վրայի օգտագործման կարգը, ապահովվում է մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունը.
տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություններ՝ հրավառություններ, որոնց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:»:
Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: