Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի փոխնախագահ Գյունդյուզ Իսմայիլովն այսօր հայտարարել է, որ կառավարությունը բազմակողմանի աշխատանքներ է տանում բռնազավթված՝ «ազատագրված» տարածքներում մզկիթների, աղոթատեղիների վերականգնման ուղղությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա ընդգծել է, թե այդ տարածքներում 67 մզկիթ կա, որոնցից 65-ը ամբողջությամբ ավերվել են հայերի կողմից։
Ի դեպ, ադրբեջանցի պաշտոնյան Շուշիի Գյովհար աղա՝ «Գոհար աղա» իրանական մզկիթը, որը 44-օրյա պատերազմի օրերին վնասվել էր գրադի և սմերչի կայանքներից իրենց իսկ հրթիռակոծությունների հետևանքով, համարել է ադրբեջանական՝ այն դասելով մասամբ պահպանվածների շարքում։
Ընդգծենք՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն ահազանգում է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակության ժառանգության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների մասին՝ պնդելով, որ «վերանորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական եկեղեցիներն ու կոթողները: