Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցում մայիսի 5-ինտեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներն այցելել են դպրոց:
քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ քաղաքապետարանից, դպրոցի տնօրինության և մանկավարժների մասնակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 8-րդ դասարանում՝ «Անգլերեն» առարկայի դասաժամին, երբ ուսուցիչն ստեղծված իրավիճակում դուրս է եկել ինքնատիրապետումից՝ դրսևորելով մանկավարժին ոչ հարիր և անթույլատրելի վարքագիծ:
Դպրոցի տնօրենի՝ 05.05.2022թ. հ. 30 հրամանով ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»:
«Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է սովորողի նկատմամբ հակամանկավարժական վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ որևէ իրավիճակից և կարևորում յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցում գտնելու մանկավարժի պատասխանատվությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը ցուցաբերելու է շարունակական հետևողականություն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառելու նման դրսևորումները և համագործակցային աշխատանքի շնորհիվ ձևավորելու համապատասխան միջավայր՝ ի շահ դպրոցին վերապահված կրթադաստիարակչական գործառույթի պատշաճ իրացման»,-ասված է հաղորդագրությունում:
Նշենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, այսօր ավելի վաղ խստորեն դատապարտելով հակամանկավարժական այդ դրսևորումը, հայտնել էր, որ միջադեպն ուսումնասիրվում է։