«Փաշինյանին պետական դավաճանության քրգործով ներգրավել որպես մեղադրյալ»․ զոհվածների հարազատների երթը դեպի ՀՀ գլխավոր դատախազություն - RadioVan.fm

Онлайн

«Փաշինյանին պետական դավաճանության քրգործով ներգրավել որպես մեղադրյալ»․ զոհվածների հարազատների երթը դեպի ՀՀ գլխավոր դատախազություն

2022-04-26 18:21 , Общество, 1962

«Փաշինյանին պետական դավաճանության քրգործով ներգրավել որպես մեղադրյալ»․ զոհվածների հարազատների երթը դեպի ՀՀ գլխավոր դատախազություն

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք այսօր Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում էին՝ միասնաբար որոշելու իրենց հետագա անելիքները, երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ վարչապետի դեմ հանցագործության մասին հաղորդում տալու։

Հավաքվածները երթով անցան նաև ՀՀ կառավարության շենքի մոտով՝ վանկարկելով «դավաճան», «մարդասպան»։

ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև տասնյակ զոհված զինծառայողների հարազատների ներկայությամբ փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրեց փաստերը, որոնք տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու և Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 3-րդ մասով նրան որպես մեղադրյալ ներգրավելու պահանջում։

Փաստաբանների պալատի նախկին նախագահը հիշեցրեց, որ, դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան 430 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ՝ պետական դավաճանություն հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։

Նրա խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հաղորդումը ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն, որը որոշում չէր կայացրել, այլ միայն գրություն էր ուղարկել։

Դրանից հետո, ըստ Արա Զոհրաբյանի, սկսվել է «քաշքշուքը»՝ դիմել են դատախազություն, վերաքննիչ դատարան, արդյունքում հասել են նրան, որ 2021 թ-ի սեպտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ։

«Դեկտեմբերի 22-ին հավաքվեցինք գլխավոր դատախազության մոտ և հանդիպեցինք դատախազի հետ, որը հավաստիացրեց՝ օբյեկտիվ են լինելու այս հարցում։ Ցավոք, արձանագրեցինք, որ չկար այդ օբյեկտիվ վերաբերմունքը, քանի որ միայն տասը ամիս հետո մենք հասանք քրգործ հարուցելու փուլին»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ քրեական գործով առ այսօր ոչինչ հայտնի չէ, ավելին, 2020թ-ի դեկտեմբերից հետո բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել՝ ի վնաս մեր պետականության։

Նա նշեց, որ այսօր ներկայացնում են պահանջ այդ քրեական գործի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Թե որոնք են հիմքերը՝ փաստաբանը 12 կետ թվարկեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք՝ դատախազության դիմաց բողոքի հավաքի մասնակիցներին լսելու ու նրանց պահանջը հասկանալու համար շենքից դուրս եկավ ՀՀ գլխավոր դատախազը։

Նա ասաց, որ հասկացել է ծնողների ցավը, վիշտը, դրա համար է իջել։

«Խոնարհվում եմ ձեր առաջ»,- ասաց Արթուր Դավթյանը՝ վստահեցնելով, որ դատախազական ներգործության ոչ մի միջոց չի ուշացել, այս պահին էլ բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատական տալու համար։

Գլխավոր դատախազն առաջարկեց հանդիպել 10 ծնողի հետ, հանգիստ իրավիճակում խոսել։

«Ես իջա, որպեսզի տեսնեք, որ չեմ խուսափում հարցերին պատասխանելուց։Բայց նման պայմաններում անհնար է ստանալ հարցերի պատասխանները։ Ձեր պահանջի արդարացիությունը ոչ մի վայրկյան չի կարող վիճարկվել»,- ասաց Դավթյանը։

Ծնողները չհամաձայնվեցին առանձին հանդիպել Արթուր Դավթյանի հետ։ Գլխավոր դատախազը մտավ շենք՝ «դավաճան», «կալանավորեք Նիկոլին» վանկարկումների ներքո։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть