«Երկնքում մեր տղերքը պահանջ ունեն, «Մենք այդ ինչքա՛ն ենք պարտվել, որ նման դավաճանները կարողանում են մեզ իշխել»․ 44-օրյայում զոհվածների ծնողները իրավական ուղով կգնան - RadioVan.fm

Онлайн

«Երկնքում մեր տղերքը պահանջ ունեն, «Մենք այդ ինչքա՛ն ենք պարտվել, որ նման դավաճանները կարողանում են մեզ իշխել»․ 44-օրյայում զոհվածների ծնողները իրավական ուղով կգնան  

2022-04-26 18:16 , Общество, 1365

«Երկնքում մեր տղերքը պահանջ ունեն, «Մենք այդ ինչքա՛ն ենք պարտվել, որ նման դավաճանները կարողանում են մեզ իշխել»․ 44-օրյայում զոհվածների ծնողները իրավական ուղով կգնան

«Մեր տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ, վճռականություն, պատասխանատվություն։ Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին». 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Խաչատրյանի մոր կոչով զոհված զինծառայողների հարազատներն այսօր Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում էին՝ միասնաբար որոշելու իրենց հետագա անելիքները։

Շատերն իրենց անմահացած որդիների, եղբայրերի, ամուսինների լուսանկարներով շապիկներով էին, մի մասն էլ՝ ձեռքերում պահել էր նրանց լուսանկարները։

«Սա դասական իմաստով հանրահավաք չէ, սա հերոս տղերքի ծնողների արդարության, օրինակության համար մղվող պայքարի մի մասնիկն է և այսօր, հավաքելով այստեղ, ընդամենը ևս մեկ անգամ ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք մեր միտքը, մեր ասելիքն առ այն, որ չկարծեք մենք երբևէ մոռանալու ենք այն, ինչ եղել է, չկարծեք, որ ծնողները մոռանալու են ինչ է եղել և մեր վրեժի պայքարը, իրավական բոլոր հիմքերն ունենալով, մենք շարունակելու ենք»,-բացման խոսքում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, որը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

«Բոլորդ հիշում եք, որ պատերազմի ավարտից հետո միանգամից հայտարարեցին, որ դավաճանություններ են եղել, իսկ հետո լռեցին. լռեցին, քանի որ հասկացան, որ այդ դավաճանության պոչը, եթե ոչ գլուխը, հասնում է իրենց»,-ասաց 44-օրյայում որդուն՝ Վաչագան Մանուկյանին կորցրած բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ նշելով, որ մինչ օրս զոհված զինծառայողների ծնողների խոսքը, ցասումը հուզական բնույթ է կրել, սակայն այժմ պետք է կարողանան դեպի իրավական հիմք տանել այն ամենը, որը հնարավորություն կտա դավաճաններին դատապարտելու, հանցագործներին բացահայտելու և իր վերջո հասկանալու՝ այս քաջերի հաղթական բանակն ինչո՞ւ պարտվեց։

«Մեր զավակների արյան հաշվին պետք է այդ դավաճանախումբն ապրի՞, մենք այդ ինչքա՛ն ենք պարտվել, որ նման դավաճանները կարողանում են մեզ իշխել, մեր զավակների արյունը խմելով կարողանում են գոյանալ։ Դա իսկապես աններելի է, մենք պարտավոր ենք ոտքի կանգնել»,-ընդգծեց Խաչիկ Մանուկյանը։

Նա կոչ արեց Փաստաբանների պալատի փաստաբաններին, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին միավորվել և կանգնել իրենց կողքին։

«Դուք պարտավոր եք կանգնել, դուք պարտավոր եք իրավաբանական ձեր գիտելիքները բանեցնելով դեպի դատարաններ քարշ տալ այս սրիկաններին, որոնք խմեցին քաջերի արյունը։ Դրանցից հաղթանակներ չսպասեք, դրանք հայ ժողովրդի հերոսականությունը դուրս հանելով համոզելու են՝ Ձեզ երկիր պետք չէ, երկրի սահմաններ պետք չեն, հանգիստ խալխի նոքարը դարձեք՝ այնպես, ինչպես իրենք՝ սողունները, գնում են սրա-նրա թաթիկները պաչելով փորձում են իրենց ողորմելի գոյությունը պահել, քանի որ լավ են հասկացել, որ քաղաքական այս խայտառակ պարտության արդյունքում իրենք գոյանալ չեն կարող»,-ասաց որդեկորույս հայրը։

44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, նշեց, որ տեղի է ունեցել սոսկալի, աշխարհում չտեսնված մի դավաճանություն, ինքնադավաճանություն։ Նա պատմեց, որ զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իր որդին զանգել ու ասել է, որ տոտալ դավաճանություն է տեղի ունենում, որ իրենց համոզում են չկռվել, քանի որ հողերը հանձնված են։

«Չգիտեմ, որ քաղաքական ուժն է նման կերպ վարվել, բայց ժամանակները կանցնեն և մենք կհասկանանք»,-ասաց տիկին Տոնոյանը՝ նկատելով, որ այսօր որդեկորույս որևէ ծնող տուժող կողմ հայտարարված չէ։

«Իմ ձեռքին միջնորդություն է, գնում եմ դատախազություն՝ պահանջելու, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան։ Բոլոր տվյալներով և այնքան ակնհայտ, որ դրանք անգամ ապացուցելու կարիք չկա, տեղի է ունեցել պետական դավաճանություն և Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի, նա պետք է ճանաչվի մեղավոր»,-ընդգծեց Մենուայի մայրը՝ հավելելով, որ, որպեսզի բոլոր ծնողները կարողանան ներկա լինել այդ դատավարությանը, պետք է ճանաչվեն տուժող կողմ։

«Կարծում եմ՝ բոլորս ենք տենչում այն օրը, երբ կդատվեն բոլոր մեղավորները։ Հաճախ եմ Մենուային նամակ գրում, հույսով, որ կարդում է։ Գրել եմ իրեն՝ երդվում եմ՝ մինչև կյանքիս վերջին օրը, կռիվ եմ տալու, որ, անգամ եթե մրջյունը մեղավոր է այդ պատերազմի համար, պատժվի, պատժվեն բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել են դրան կամ ոչինչ չեն արել, որ կանխեն»,-ասաց որդեկորույս մայրը՝ շեշտելով, որ զոհված զինծառայողների ոչ մի ծնող այլևս չի ապրում, դատապարտված է գոյության։

Ելույթով հանդես եկավ նաև 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը, որն օրեր առաջ Ազատության հրապարակում զինակից ընկերոջ՝ Արթուր Ավագյանի հետ շուրջ 5 օր հացադուլ արեց։

Նա, նշելով, որ վիշտը միայն որդեկորույս ծնողներինը չէ, ասաց․

«Երբ մենք հացադուլի մեջ էինք, ծնողները եկել էին ու մեր կողքը նստել, ասում էին, որ դուք մեր տղերքն եք։ Հիմա էլ ես եմ ասում՝ դուք մեր ծնողներն եք։ Այսպես պետք է մտածեն երիտասարդները, բոլորը։ Նրանց զավակները շատ կարճ ապրեցին, դա մի ամբողջ ապրած կյանք արժե։ Մենք պարտական ենք այս տղերքին, մենք ոչ մի բանով լավը չէինք, որ հիմա ողջ ենք»։

Նա բոլորին հորդորեց աջակցել ծնողներին։

«Մենք արդարություն ենք պահանջում։ Մենք կորցրել ենք մեր որդիներին, հիմա պետք է մտածենք մեր մյուս զավակների մասին, որ նույն ճակատագրին չարժանանան։ Սա առաջին հերթին կանխարգելիչ քայլ է, այն չի հետապնդում ոչ մի քաղաքական, կուսակցական նպատակ։ Եթե մեկը կփորձի նման երանգ հաղորդել այս հավաքին, ապա նա միտումնավոր ուզում է ցրել այս գաղափարը»,-իր խոսքում շեշտեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը։

Ելույթների մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть