«Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես: Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ: Արցախը հանձնողը, ընդհակառակը, պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի, և Արցախի հանձնումը, ըստ էության, իրականություն դարձած կլիներ»,-ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Արցախը հանձնելուն» առնչվող մտահոգություններին։
Փաշինյանը շեշտեց, որ, ընդհակառակը, իրենք աննախադեպ ծավալի ներդրումներ են իրականացնում Արցախում։
«Ոովհետև Արցախը պահել՝ նշանակում է արցախցուն պահել Արցախում: Հայաստանը պահել՝ նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել: Իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ: Առանց խաղաղության, հարգելի գործընկերներ, սա հնարավոր չէ:
Էլ չեմ ասում՝ բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ մի փաստաթուղթ, որն ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ: Սա երաշխիք է, երկաթյա երաշխիք, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում: Այս առումով հոռետեսները բերում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրինակը, որն ստորագրվեց առանց լայն հանրային քննարկման: Սա տարօրինակ համեմատություն է, որովհետև պատերազմի պայմաններում ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պիտի որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25000 զինվորի կյանքը և Արցախը հայաթափումից փրկելու համար, և համեմատությունները պարզապես տեղին չեն: Բայց, մյուս կողմից, մեր ողջ քաղաքականությունն ու քայլերը հենց դրանց են ուղղված, որ ստիպված չլինենք նմանատիպ պայմաններում որոշում կայացնել»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։