Ադրբեջանը պաշտոնապես կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Երևանը խաղաղության պայմանագիր չստորագրի Բաքվի հետ։
Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում մեկնարկած «Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար»-ում։
«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են ռևանշիզմի մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք նման քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, մասնավորապես, ասել է Ալիևը։
Նա նաև ասել է, թե, չնայած պատերազմի ավարտին, Հայաստանի տարածքային պահանջները չեն ավարտվել։
«Բայց ես վստահ եմ, որ դրանք կդադարեն: Վստահ եմ, որ հետկոնֆլիկտային շրջանում մեր ձեռնարկած գործողությունների արդյունքում մենք կվերացնենք Ադրբեջանի դեմ Հայաստանի և աշխարհի հայերի տարածքային պահանջները»,-հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով, թե իրենք այլ երկրներից տարածքային պահանջներ չունեն և իրենց տարածքն էլ ոչ մեկին չեն զիջի։
Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ ձևաչափով հանդիպմանը Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, արտաքին գործերի նախարարներին էլ հանձնարարվել է մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։
Մինչ այդ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանրայնացրեց պաշտոնական Երևանին ներկայացրած՝ հարաբերությունների կարգավորման առաջարկները, որոնք 5-ն են՝ ամրագրում են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչման դրույթները։
Պաշտոնական Երևանը դրանք ընդունելի համարելով՝ հայտարարել է, որ Բաքվի առաջարկած կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը փոխանցած պատասխանով լրացրել է օրակարգը և «պատրաստ է այդ հենքի վրա խաղաղության բանակցությունների մեկնարկին»։