Արցախի գրավյալ հայոց բերդաքաղաք Շուշիում, ինչպես հայտարարվել էր օրեր առաջ, մեկնարկել է Ադրբեջանի իշխանությունների հերթական քարոզչական միջոցառումը՝ «Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար»-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ «այսուհետ ադրբեջանական ժողովուրդն ապրելու է որպես հաղթանակած ժողովուրդ» և դա «հաղթանակի համագումար» է։
Նշվում է, որ համագումարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է շուրջ 400 ադրբեջանցի՝ աշխարհի 65 երկրից։
Համագումարն աշխատանքները շարունակելու է մինչև ապրիլի 23-ը։
Նշենք՝ աշխարհի ադրբեջանցիների 1-ին համագումարն անցկացվել է 2001 թվականին, 2-րդը՝ 2006-ին, 3-րդը՝ 2011-ին, 4-րդը՝ 2016-ին, բոլորն անցկացվել են Բաքվում։
Հավելենք, որ Ադրբեջանը բռնազավթած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ուղղությամբ հետևողական քայլեր է անում, իսկ հայկական Շուշին հռչակել է «2023թ․ Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։