«Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ»․ Փաշինյանը՝ խաղաղության իր պատկերացումներով - RadioVan.fm

Онлайн

«Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ»․ Փաշինյանը՝ խաղաղության իր պատկերացումներով

2022-04-14 16:41 , Политика, 1036

«Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ»․ Փաշինյանը՝ խաղաղության իր պատկերացումներով

«Ինչքա՞ն կարելի է զոհվածների էմոցիաների վրա խաղալ։ Ես զոհվածների գերեզմանների առաջ ծնկի եմ գալիս, ծնկի եմ եկել, և ես գիտեմ ու ասացի՝ մեր նահատակներն ինչի համար են ընկել: Ընկել են, որ մեզ պարտադրեն, որ մենք թույլ չտանք, որ մեզ պահեն դարերով մատաղացու գառան կարգավիճակում։ Մենք պետություն ենք, երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք հպարտ ժողովուրդ ենք, մենք հազարամյա պատմություն ունենք, բայց այդ մեր պատմությունը պետք է ինքներս գրենք և սովորենք, ոչ թե ուրիշներին թույլ տանք, որ իրենք գրեն մեր պատմությունը և մատուցեն այդ պատմությունը մեզ»,-այդ մասին այսօր, Ազգային ժողովում (ԱԺ) իր եզրափակիչ ելույթում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որոշ պարզաբանումներ ներկայացնելով երեկ նույն ամբիոնից հնչեցրած ելույթի առնչությամբ։

Նա, ճիշտ համարելով մտահոգություններն այն մասին, թե Ադրբեջանն ուզո՞ւմ է խաղաղություն կամ Ադրբեջանի համար որքանո՞վ է ընդունելի այն, ինչ ասում է ՀՀ կառավարությունը, նշել է, որ խոսքն ուրիշ բանի մասին է։

«Երբ ես ասում եմ, որ մենք մեր առաջ տարածություն ենք բացել, ի՞նչ նկատի ունեմ՝ նկատի ունեմ, լավ, ի վերջո, մենք պետք է օրակարգ բերենք հարցեր, մենք պետք է բովանդակությամբ լցնենք տարածաշրջանային օրակարգը։ Դա էլ նույն գործընթացի մաս է: Հերիք է մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն և մատուցեն, հասկանո՞ւմ եք՝ մենք օրակարգ չենք պարտադրել։ Ինչո՞ւ և որքա՞ն ենք մենք պահել հողեր՝ պահել ենք այնքան և որովհետև, քանի դեռ շատերին դա ձեռնտու է եղել: Եկեք սա հասկանանք, լավ, ինչքան կարելի է: Կրկին Ավագ Ուրբաթ և Աստվածաշունչն ասում է՝ պիտի նայես, պիտի նայես և պիտի չտեսնես, պիտի լսես, պիտի լսես և պիտի չիմանաս: Բավական է, այսքան նայել ենք՝ եկեք տեսնենք, այսքան լսել ենք՝ եկեք իմանանք։

Որովհետև հիմա մենք չենք խոսում ուղղակի ընթացիկ բաների մասին, մենք խոսում ենք Հայաստանի և Արցախի լինել չլինելու մասին։ Հայաստանը և Արցախը,-իմիջիայլոց, սա շատ կարևոր է-ընդամենը հողակտորներ չեն, որովհետև Հայաստանի բոլոր երբեմնի հողակտորներն էլ այսօր կան երկրագնդի վրա և գոյություն ունեն: Հայաստանը՝ մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է: Սա ենք մենք ուզում: Եվ, այո՛, մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա, և այդ ագրեսիվությունը միայն այնտեղ չէ, որտեղ մենք տեսնում ենք, այդ ագրեսիվությունը բազմաթիվ այլ տեղերում կա: Ի՞նչ է պետք անել այս ագրեսիվության նկատմամբ՝ պետք է կառավարել այդ ագրեսիվությունը: Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը, ուրիշ տարբերակ չկա:

Եվ ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումն ունեցանք: Շատ կարևոր հարց բարձրացվեց. ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք: Իսկ կներեք՝ եթե պատերազմ սկսվեց, այդ ժամկետայինները, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, հետո պայմանագրայիններին տանել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ: Հարգելի ժողովուրդ, այսօր ասում են՝ մենք խաղաղություն ապահովեցինք. քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների և ոչ թե դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու միջոցով: Մոտ 1000 զոհ ենք ունեցել մենք խաղաղության ասվող ժամանակաշրջանում, մի մասը՝ ոչ մարտական պայմաններում: Դա խաղաղություն չէ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկաներին առաջարկելով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել նահատակների հիշատակը։

«Որովհետև այն օրակարգը, որ մենք առաջարկում ենք, նրանց հիշատակը հարգելու և նրանց զոհողություններին պատշաճ հարգանք ցուցաբերելու ամենակարևոր ձևն է»,-ասել է նա։

ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть