«Եթե մենք Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք՝ դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք»․ Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Եթե մենք Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք՝ դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք»․ Նիկոլ Փաշինյան

2022-04-14 16:35 , Политика, 1340

«Եթե մենք Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք՝ դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնեինք, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք»,-այդ մասին այսօր, Ազգային ժողովում (ԱԺ) իր եզրափակիչ ելույթում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որոշ պարզաբանումներ ներկայացնելով երեկ նույն ամբիոնից հնչեցրած ելույթի առնչությամբ։

Առաջինն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին։

«Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 1998-2018 թվականներին տեղի ունեցող իրադարձությունների շղթան, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն այդ 3 կամ չգիտեմ քանիժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և որ ինքը, նույնիսկ կարող եմ մեջբերել՝ «փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»:

Այսինքն՝ ըստ էության, այստեղ, կարծում եմ, այդ թեմայով բանավեճն ավարտվում է, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա՝ ինչո՞ւ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը: Որովհետև հենց այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մեկ հարց է լուծվում՝ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, ոչ թե Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, որովհետև միայն այս դրվագի պարզաբանումը, առանց մանրամասների, ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Սա այսօր շատ կարևոր է արձանագրել: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թիվ, ասում է՝ ես այն ժամանակ, 2 անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար: Հասկանո՞ւմ եք, նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է: Բայց նույն ինքը մոռանում է, որ այստեղից է հայտարարել, որ ինքը մնում էր Ղարաբաղի հարցը լուծելու համար. ինչպե՞ս էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում, և Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար: Գնալու էր և ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները:

Հաջորդը՝ կրկին այս ամբիոնից ասել է, որ այլևս շատ երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: Սա էլ այն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմի հեղինակը կամ, այսպես ասած, պատերազմական իրադրության հեղինակը ո՞վ է՝ մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չէ: Երբ ես ասում եմ, որ, այո, կարելի էր պատերազմը կանխել՝ դա ժանր է, կոչվում է գրոտեսկ, ես ասում եմ, որ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած այդ անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում: Ուշադիր նայեք իմ տեքստը՝ ինչի մասին է:

Բայց վերադառնամ փուլային-փաթեթայինի տրամաբանությանը: Երեկ պատգամավոր Մարիա Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ էր նշանակում փուլային տարբերակը դեռևս 1997 թվականին: Դեռևս 1997 թվականին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի՝ սկզբից Ղարաբաղի հարց, հետո խաղաղության պայմանագիր: 2018 թվականի փաթեթով էլ է այդպես, 2016 թվականի փաթեթով էլ է այդպես: Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսվում են կառավարությունների միջև բանակցություններ և շատ կարևոր մի արձանագրում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիմա կասենք, ինչ լավ բան է՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այստեղ է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ ասելով նկատի էր առնվելու՝ Լեռնային Ղարաբաղի հայեր և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներ: Եվ այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ, և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996 թվականից սեղանի շուրջ է եղել: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին: Չէր հանձնելու՝ պատերազմ էր սկսվելու: Եվ ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր, բացի տարածքներից, էլ տարածքների մասին չեմ խոսում: Խոսում են, հեքիաթներ են պատմում՝ Լաչինի միջանցքն այսպես պետք է լիներ, Լաչինի միջանցքն այսպիսին պետք է լիներ. Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչինչ չկա: Դա հետո պիտի քննարկվեր: Եվ դեռ այս փուլայինին ևս մի փուլ է ավելացել՝ Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը: Եվ մեզ այսօր ասում են՝ իրենք Ղարաբաղը հանձնում են, կամ հանձնեցին, կամ ուզում են հանձնեն: Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնեինք, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ես այս մանրամասների մասին խոսել եմ, հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել: Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առնվազն առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու. թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, 50 տարի կապրեն իրար հետ, կողք-կողքի, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, կվերադարձվեն 50 տարի, 100 տարի, հետո 100 տարուց հետո կնայենք, որևէ այլ պայմանի մենք համաձայն չենք: Մեզ ասում են՝ Շուշին հանձնել ենք. ոչ, պատերազմը Շուշիի համար է եղել։

Ասում են՝ կանգնեցնեիք պատերազմը-մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին, կամ՝ կանխեիք պատերազմը-մենք չէի՞նք մտածում կանխելու մասին: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել, հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ, և մեր տղաները, ովքեր ընկել են-Փառք նրանց-նրանք կանգնել են այս իրավունքի համար: Նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար, և այն, ինչ ես խոսում եմ՝ Ղարաբաղը չհանձնելու մասին է, հարգելի գործընկերներ: Ուշադիր եղեք, չհանձնելու մասին է, որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք: Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար»:»-եզրափակիչ ելույթում շեշտել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть