ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում (ԱԺ) իր եզրափակիչ ելույթում որոշ պարզաբանումներ է ներկայացրել երեկ նույն ամբիոնից հնչեցրած ելույթի առնչությամբ՝ ընդգծելով, որ «այդ ելույթով տարածություն են բացել Հայաստանի Հանրապետության և Արցախի համար»։
Փաշինյանն ասել է, թե նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից, այժմ իրենք ճանապարհ են բացում Հայաստանի և Արցախի պետականությունը պահպանելու համար։
«Որովհետև էկզոտիկ մտքեր են հնչում, և հնչել են այդ մտքերը, որպես սպառնալիք է հնչեցվում, որ եթե այսպես չլինի, այնպես չլինի և այլն, Ղարաբաղի ժողովրդին կհանենք Ղարաբաղից կամ դուրս կգա Ղարաբաղի ժողովուրդը: Այնպիսի տպավորություն է՝ մարդիկ կան, որ երազում են, որ Ղարաբաղից ժողովուրդն օր առաջ դուրս գա: Ոչ, մենք ասում ենք՝ Ղարաբաղի ժողովուրդը չպետք է դուրս գա Ղարաբաղից, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ: Սրա մասին է խոսքը, և մենք, այո՛, այդ տարածությունը բացել ենք: Մեր նահատակները դրա համար են ընկել, որ հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար, որովհետև այն՝ 1998 թվականից փաթեթափուլային փաթեթով հայությունն ընդհանրապես զրկվել էր տարածությունից։
Մենք ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին, հազար ներողություն, մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք և, ի վերջո, լավ, եկեք հասկանանք՝ այդ պատերազմն ինչո՞ւ է եղել, և այդ պատերազմը 2016 թվականի ինչո՞ւ նախկինում չի եղել»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի մանրամասները՝ տեսանյութում։