Արցախի Փառուխ հայկական գյուղի շրջակայքը արդեն 10-րդ օրն է՝ ապօրինաբար օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Twitter-ում գրել է ֆրանսիական «Լե Ֆիգարո» հեղինակավոր ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը:
«Հարյուրավոր գյուղացիներ՝ ներառյալ երեխաները, դեռևս իրենց տներից հեռու են ապրում: Իսկ ադրբեջանական բանակը հետ չի քաշում իր զորքերը, դեռ ավելին՝ ամրապնդում է իր դիրքերը»,-հավելել է Բյուսոնը:
10e jour d'occupation militaire illégale par les Azéris des environs du village #armenien de #Parukh, en #Artsakh #HautKarabakh. Des centaines de villageois dont des enfants vivent toujours loin de chez eux. L'armée ne se retire pas. Pire, elle renforce ses positions ! https://t.co/xqq25YLkfj
— J-Christophe Buisson (@jchribuisson) April 3, 2022
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն ևս անդրադարձել է խնդրին՝ հիշեցնելով 2020-ի իրողությունները․ լայնածավալ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, թուրքական ռումբերի, սպիտակ ֆոսֆորի և անօդաչու սարքերի միջոցով կոտորածի է ենթարկել Արցախի հայերին:
«Նրանց մեջ կենդանացել է ցեղասպանի ոգին: Իսկ աշխարհը լուռ հետևում է առանց որևէ բան անելու: Ոտնձգությունները շարունակվում են անտարբերության մթնոլորտում»,-Twitter-ում գգրել է Բուայեն:
En #Artsakh les #Armeniens ont été massacrés par l’Azerbaïdjan aidé de la Turquie avec des bombes
à défragmentation
au phosphore blanc
des drones turcs ..
une volonté génocidaire les a animé
le monde a observé sans agir=les exactions se poursuivent toujours dans l’indifférence https://t.co/inzuwwnbs4
— Valérie Boyer (@valerieboyer13) April 3, 2022
Հիշեցնենք՝ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել էին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ադրբեջանական ուժերի ռազմավարական նպատակը մոտակա Քարագլուխ գյուղի գերիշխող բարձունքը գրավելն էր, սակայն Արցախի Պաշտպանության բանակի կատաղի դիմադրության և ռուս խաղաղապահների գործադրած ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը: Մարտի 27-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխից, սակայն շարունակում է մնալ Քարագլուխ բարձունքի հենակետերում։
Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես՝ Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի պայմանագրային 3 զինծառայող, 14 զինծառայող էլ վիրավորվել է, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ադրբեջանի վերջին օրերի հանցավոր քայլերի հետևանքով Խրամորթից ու Փառուխից տարհանվել է շուրջ 200 երեխա, կանայք ու տարեցներ, ընդհանուր շուրջ 400 քաղաքացի։
Ունենալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դառը փորձը, երբ այդ երկիրը ամենաբարձր մակարդակով կազմակերպում և խրախուսում է մշակութային վանդալիզմը Արցախի բռնազավթված տարածքներում՝ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ահազանգում է՝ Փառուխի ու Քարագլխի պատմամշակութային ժառանգությունը՝ 20-ից ավելի հուշարձան, ամրոց և եկեղեցի նույնպես վտանգված է ադրբեջանական բռնազավթման ներքո: Այս մտահոգությունները առարկայացել են ս.թ. մարտի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված լուսանկարներով և տեսանյութերով, որոնցում իբրև «հայտնաբերված» մարդկային մնացորդները ներկայացվում են, այսպես կոչված, «Խոջալուի զոհերի» և «մասսայական թաղումների» ապացույցներ։ Այնինչ, Արցախի կրթամշակութային գերատեսչությունը հայտարարում է, որ, ելնելով ունեցած բավարար տեսագրական, աշխարհագրական ու մշակութաբանական տվյալների վերլուծությունից՝ միանշանակ է, որ նշված կադրերը Փառուխի «Կալեն խութ» կոչվող, 9-12-րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցից են, հետևաբար, ներկայացվող ոսկորները հայկական հին գերեզմանոցի աճյունների ոսկորներն են: