«Մենք պատրաստ ենք մեր առաջարկների շրջանակներում բացել ճանապարհը և երկաթուղին: Կառուցել ճանապարհ և երկաթուղի, բայց անհրաժեշտ ենք համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ, որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եւ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով ստանձնած՝ տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնելու պարտավորությանն ու Ադրբեջանի Արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի գործարկմանը։ Ի դեպ, որը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը խեղաթյուրում է։
«Այսօր մենք ինչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, և մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին: Մեր գրավոր առաջարկներն, ի դեպ, մենք փոխանցել ենք նաև մեր մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար մեր առաջարկները տրամաբանական են, ընդունելի և հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,-պարզաբանեց Փաշինյանը:
Վարչապետի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։