ՀՀ վարչապետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը խեղաթյուրում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման Ադրբեջանի Արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի գործարկման մասին է:
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին իր ելույթում Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն այս թեմայով համապարփակ առաջարկություններ է ներկայացրել:
«Չմտնելով մանրամասների մեջ, ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետևյալն է. վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջևանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային և այլ հսկողություններ»,-հստակեցրեց Փաշինյանը՝ նշելով, որ Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը և ընդունում է, և չի ընդունում:
«Եւ սա արտահայտվում է հետևյալում. նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում և այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը:
Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով. նախ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի և դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլև տարածք, որն ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը, ըստ եռակողմ հայտարարության, գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որեւէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի: Եւ հետո, Լեռնային Ղարաբաղի և Նախիջեւանի զուգահեռները տարօրինակ են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջևանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի տարածքով: Օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով և Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում:
Մենք կրկին անգամ արձանագրում ենք. Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որեւէ միջանցքի գոյություն չի նախատեսում և Հայաստանը չի ընդունել և չի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն:
Մյուս կողմից մենք պատրաստ ենք մեր առաջարկների շրջանակներում բացել ճանապարհը և երկաթուղին: Կառուցել ճանապարհ և երկաթուղի, բայց անհրաժեշտ ենք համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ, որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եւ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսօր մենք ինչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, և մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին: Մեր գրավոր առաջարկներն, ի դեպ, մենք փոխանցել ենք նաեւ մեր մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար մեր առաջարկները տրամաբանական են, ընդունելի և հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,-պարզաբանեց Փաշինյանը:
Վարչապետի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։