Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որն, ըստ էության, վերահաստատում է Արցախի հայկական եկեղեցիները ալբանացնելու՝ այդ երկրի մտադրությունը։
Ընդգծվում է, որ աշխատանքային խումբը «մշտադիտարկելու է ալբանական ժառանգությունը օկուպացիայից ազատագրված տարածքներում»։
«Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս ասել են, որ ազատագրված տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձանները վերաբերում են Ադրբեջանի ժառանգությանը և դրանց պահպանումը ադրբեջանական պետության պարտականությունն է։ Որպես վառ ապացույց կարելի է մատնանշել Շուշիում մզկիթների հետ մեկտեղ 2 քրիստոնեական եկեղեցիների վերականգնումը։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն իր պատմամշակութային ժառանգության մեջ կրոնական և էթնիկական հողի վրա տարբերություններ չի դնում և հավատարիմ է զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, ներառյալ՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասված է երկրի մշակույթի նախարարության տարածած հայտարարությունում, որում, միաժամանակ, տեղեկացվում է, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ներկայում մոտիտորինգ է իրականացնում «ազատագրված տարածքներում»։
Ադրբեջանի մշակութային գերատեսչությունը նաև ընդգծում է, որ հնագույն ալբանական ժառանգության ուսումնասիրման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ընդգրկված են ինչպես տեղացի, այնպես էլ՝ արտասահմանյան փորձագետներ։
«Երբ անվտանգությունը թույլ տա, աշխատանքային խմբի անդամներն այդ քրիտոնեական ժառանգության մոնիտորինգ կիրականացնեն ու կհետազոտեն։ Կեղծիքների հայտնաբերման դեպքում՝ այդ խախտումները կփաստագրվեն միջազգային փորձագետների մասնակցությամբ և կներկայացվեն միջազգային հանրությանը»,-նշվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ օրերս էլ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովն էր հայտարարել, թե իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ են ստեղծել:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), այսօր տարածած հայտարարությամբ խստորեն դատապարտելով Քերիմովի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարությունը, ընդգծել է՝ հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին։