Միջազգային իրավապաշտպան Freedom House և Human Rights Watch կազմակերպություններն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանման խնդրին՝ դատապարտելով այն։
«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որն արդեն շաբաթներ է՝ դիմագրավում են սառնամանիքին՝ առանց ջեռուցման ու տաք ջրի»,-ասված է Freedom House-ի՝ Ttwitter-ում տարածած հայտարարությունում։
#Azerbaijan must prevent a humanitarian crisis by restoring unhindered gas supplies to the people of #NagornoKarabakh, who have endured weeks of freezing temps without heat or hot water. https://t.co/FHY2oU29MD
— Freedom House (@freedomhouse) March 23, 2022
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան էլ Ttwitter-ում գրել է.
«Լեռնային Ղարաբաղի բնակիչները 2 շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ անգամ սառնամանիքի պայմաններում մնացել են առանց ջեռուցման՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի պատճառով»։
Թվարկելով դպրոցներում, մանկապարտեզներում, հացի արտադրամասերում առաջացած խնդիրները՝ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է՝ շտապ քայլեր են անհրաժեշտ՝ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։
For 2nd time in 2 weeks, Nagorno-Karabakh residents are left without heating in freezing temperatures because of a gas pipeline running through Azerbaijan-controlled territory. https://t.co/ORqxIiK23d Many bakeries are also unable to operate causing an acute shortage of bread pic.twitter.com/INBsJD7cZq
— Giorgi Gogia (@Giorgi_Gogia) March 23, 2022
The gas cut also affects educational institutions, including kindergartens and schools. They remain closed as they cannot be heated. Urgent steps are needed to avoid further humanitarian crisis. pic.twitter.com/CjMEnMRIzF
— Giorgi Gogia (@Giorgi_Gogia) March 23, 2022
Նշենք՝ Եվրամիությունը ևս մտահոգություն հայտնել Ստեփանակերտում գազամատակարարման խափանման մասին հաղորդումներով՝ կոչ անելով «վերահսկող իշխանություններին վերականգնել Ստեփանակերտի գազամատակարարումը»։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում, որը մարտի 8-18-ը զրկված էր գազամատակարարումից Հայաստանից Արցախ գնացող գազատարի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում գտնվող Շուշի-Զառիֆլու հատվածի խողովակի վնասման հետևանքով, մարտի 21-ից կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։
Ադրբեջանի մարդասիրական այդ ահաբեկչությունը խստիվ դատապարտել է Արցախի արտգործնախարարությունը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով դիմելով միջազգային հանրությանը։
ՀՀ արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանականվերահսկողության տակ գտնվող տարածքում կրկին խափանվել է ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է գազամատակարարմանն առնչվող Հայաստանի մեղադրանքները՝ խորհուրդ տալով մեր երկրին «ապահովել ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ դուրս բերել զինված ուժերի մնացորդները տարածաշրջանից»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ «Ադրբեջանը մարտի 21-ին արդեն առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը՝ այսպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը»։ Փաշինյանը, ուշադրության արժանացնելով հանգամանքը, որ Ադրբեջանը փակել է Արցախին մատակարարող գազատարը իր ներկայացրած խաղաղության պայմանագրի 5 սկզբունքների մասին պաշտոնական Երևանի դիրքորոշման հրապարակման օրը՝ երեկոյան, հայտարարել է, որ սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանին խաղաղության օրակարգից շեղելն է։