«Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»․ Փաշինյանը՝ Արցախում գազը փակելու, էթնիկ զտումները շարունակելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»․ Փաշինյանը՝ Արցախում գազը փակելու, էթնիկ զտումները շարունակելու մասին

2022-03-24 11:50 , Политика, 830

«Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»․ Փաշինյանը՝ Արցախում գազը փակելու, էթնիկ զտումները շարունակելու մասին

«Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից: Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում»,-կառավարության նիստի մեկնակին, հանդես գալով ելույթով, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում, ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը, և, ի վերջո, ինքը նորոգեց:

«Նորոգման արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական: Եւ ահա, մարտի 18-ին՝ 11 օր անց 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանը մարտի 21-ին արդեն առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը՝ այսպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը»,-հայտարարեց Փաշինյանը՝ առանձնակի ուշադրության արժանի համարելով այն փաստը, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում:

«Մարտի 7-ին վերջին երեսուն տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում, և օդի ջերմաստիճանն աննախադեպ անկում էր ունեցել: Մարտի 21-ին ջերմաստիճանի անկման և ձյան տեղումների այդ ռեկորդը գերազանցվել էր, և ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էին մեկուկես մետրի, մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 1 մետրի, օդի ջերմաստիճանը նվազել էր մինչև -8 աստիճան: Եվ ահա այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից:

Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես: Բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբությունները ուսումնասիրելու:

Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում: Ադրբեջանը արդեն շուրջ մեկուկես տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 000 հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, և խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»,-ընդգծեց Փաշինյանը՝ «խիստ խորհրդանշական և խոսուն» որակելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության նախորդ օրը տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է:

«Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրություն, դուք այսկողմ մի նայեք և թույլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ չակերտավոր «հակաահաբեկչական գործողությունների» անվան ներքո ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը: Նման բան տեղի ունենալ չի կարող, և Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, անհատները՝ սոցիալական ցանցերի միջոցով վերջին 15 օրվա ընթացքում Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ և լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը, բոլոր ատյաններում»,-նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ գազատարի առաջին պայթյունից հետո՝ մարտի 10-ին, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման 5 կետանոց առաջարկ:

«Մենք շատ արագ՝ մարտի 14-ին, գրավոր արձագանքել ենք այդ առաջարկներին և դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրներին և խնդրել ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում:

Իսկ 2022 թվականի մարտի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը բարձրաձայնեց Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին, իսկ այդ գնահատականը հետևյալն է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը, և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»:

Այս դիրքորոշման հրապարակման օրը երեկոյան Ադրբեջանը փակում է Արցախին մատակարարող գազատարը: Ուշադրություն դարձրեք, Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, և սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»,-ընդգծեց գործադիրի ղեկավարը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում մարտի 21-ից կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

Արցախի արտգործնախարարությունը խստիվ դատապարտել է Ադրբեջանի մարդասիրական այդ ահաբեկչությունը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով դիմելով միջազգային հանրությանը։

ՀՀ արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ «ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից»։

Ի պատասխան ՀՀ ԱԳՆ հայտարարության՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է գազամատակարարմանն առնչվող Հայաստանի մեղադրանքները՝ խորհուրդ տալով մեր երկրին «ապահովել ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ դուրս բերել զինված ուժերի մնացորդները տարածաշրջանից»։

Եվրոպական միության (ԵՄ) արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն հայտնելով, որ Եվրամիությունը մտահոգված է Արցախում կրկին գազամատակարարումը դադարեցնելու մասին հաղորդումներով, կոչ է արել վերահսկող իշխանություններին շտապ վերականգնել այն։

Лента

Рекомендуем посмотреть