Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի (ՌԴ ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի արտգործնախարարի հետ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ այս տարվա փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների՝ դաշնակցային փոխգործակցության մասին ստորագրած հռչակագրի դրույթների կատարման ընթացքը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի առանցքային դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։
Միաժամանակ հաղորդվում է, որ «դիրքորոշումների հստակեցում» է իրականացվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան+Ռուսաստան-Իրան-Թուրքիա) հետագա աշխատանքների վերաբերյալ։
Հայտնել էինք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև հայաստանցի պաշտոնակցի հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ կողմերն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, Միրզոյանը նաև իր գործընկերոջն է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: