Այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։
«Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Արարատ Միրզոյանը նաև իր գործընկերոջն է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ»,-ասված է տարածած հաղորդագրությունում։