Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ հայտնում է, որ Ադրբեջան այցով ավարտվել է Հարավային Կովկաս իր այցը։
«Ավարտվեց իմ այցը Հարավային Կովկաս Ադրբեջան այցելությամբ և այս առավոտ Բաքվում լավ քննարկմամբ»,-գրել է Կլաարը՝ չմանրամասնելով, թե ում հետ է հանդիպել։
Ended my visit to the South Caucasus with a visit to and a good discussion in Baku this morning.
— Toivo Klaar (@ToivoKlaar) March 16, 2022
Հիշեցնենք՝ մինչ Բաքու մեկնելը Տոյվո Կլաարը երկօրյա այցով Հայաստանում էր։ Մարտի 14-ին նա, հայտնելով իր այցի մասին, Թվիթերում գրել էր, թե «միջազգային մթնոլորտն ավելի է լարվել, Եվրամիությունն ավելի քան երբևէ հավատարիմ է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի նպատակին»։
Հայաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչը մարտի 14-ին հանդիպել էր ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ինչպես հաղորդվել է, այդ հանդիպումներում անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Մարտի 15-ին Տոյվո Կլաարին ընդունել է ՀՀ վարչապետը, զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակին և լարվածության աճին: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա երկխոսության ընթացքի շուրջ: