ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:
«Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում:
Հայտնել էինք, որ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը երկօրյա այցով Հայաստանում է: Նա Twitter-յան գրառմամբ ընդգծել է, թե «միջազգային մթնոլորտն ավելի է լարվել, Եվրամիությունն ավելի քան երբևէ հավատարիմ է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի նպատակին»։