Խրամորթի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներն ուղեկցվել են բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով․ ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Խրամորթի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներն ուղեկցվել են բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով․ ՀՀ ՄԻՊ

2022-03-10 11:36 , Право, 938

Խրամորթի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներն ուղեկցվել են բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով․ ՀՀ ՄԻՊ

Խրամորթ գյուղի ուղղությամբ երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով, բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։

Այդ մասին հայտարարում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ մշտական կապի մեջ է Արցախի գործընկերոջ հետ։

Նրա փոխանցմամբ՝ հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։ Բնակչության ապահովության համար գիշերը կանայք և երեխաները տարհանվել են առավել ապահով վայր, սակայն, ըստ գործընկերներից ստացված տեղեկությունների, բնակիչներն առավոտյան վերադարձել են գյուղ։

«Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող հանցավոր քաղաքականություն է՝ միտված իրենց բնօրրանում ապրող մարդկանց կյանքն ու անվտանգությունը ոտնձգելուն, նրանց ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն։ Ակնհայտ է նաև, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է։

Մյուս կողմից, սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը»,-ընդգծում է ՄԻՊ-ը՝ հայտնելով, որ այդ մասին տեղեկություններն այսօր կուղարկի համապատասխան միջազգային կազմակերպություններին և դեսպանություններին։

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեկ օրվա ընթացքում և ամբողջ գիշեր Ադրբեջանի զինուժը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Նշվել է, որ, մասնավորապես, մարտի 9-ին, ժամը 14։00-14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։5-ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Արցախի դատախազությունն, իր հերթին, հայտնել է, որ այսօր առավոտյան Խրամորթի հատվածում ադրբեջանական կողմի կիրառած ականանետից համայնքի տարածքում վիրավորում է ստացել նույն համայնքի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը: Դեպքի առնչությամբ իրավապահ մարմինների կողմից կատարվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ։

Лента

Рекомендуем посмотреть