Խրամորթի հատվածում ադրբեջանական կողմի կիրառած ականանետից վիրավորվել է իր տան բակում գյուղաշխատանքներ կատարող բնակիչը - RadioVan.fm

Онлайн

Խրամորթի հատվածում ադրբեջանական կողմի կիրառած ականանետից վիրավորվել է իր տան բակում գյուղաշխատանքներ կատարող բնակիչը

2022-03-10 11:27 , Общество, 1199

Խրամորթի հատվածում ադրբեջանական կողմի կիրառած ականանետից վիրավորվել է իր տան բակում գյուղաշխատանքներ կատարող բնակիչը

Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության (ԱՀ) Ասկերանի շրջանի Խրամորթի հատվածում ադրբեջանական կողմի կիրառած ականանետից համայնքի տարածքում վիրավորում է ստացել նույն համայնքի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը:

Արցախի դատախազությունից հայտնում են, որ դեպքի հետ կապված իրավապահ մարմինների կողմից կատարվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ:

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից մանրամասնում են, որ քաղաքացին մեջքի շրջանում բեկորային վիրավորումը ստացել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ։ Ականը, նշվում է պայթել է տան բակում: Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեկ օրվա ընթացքում և ամբողջ գիշեր Ադրբեջանի զինուժը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Նշվել է, որ, մասնավորապես, մարտի 9-ին, ժամը 14։00-14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։5-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Հաղորդվել է, որ հայկական կողմից տուժածներ չկան։

Лента

Рекомендуем посмотреть