«Ահաբեկչական արարք 100 000-ից ավելի մարդու նկատմամբ»․ Թաթոյանը՝ բռնազավթած տարածքում գազատարի վթարը վերացնելուն ադրբեջանական կողմի խոչընդոտման մասին - RadioVan.fm

Онлайн

«Ահաբեկչական արարք 100 000-ից ավելի մարդու նկատմամբ»․ Թաթոյանը՝ բռնազավթած տարածքում գազատարի վթարը վերացնելուն ադրբեջանական կողմի խոչընդոտման մասին

2022-03-08 20:50 , Право, 1185

«Ահաբեկչական արարք 100 000-ից ավելի մարդու նկատմամբ»․ Թաթոյանը՝ բռնազավթած տարածքում գազատարի վթարը վերացնելուն ադրբեջանական կողմի խոչընդոտման մասին

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Արցախի գազամատակարարման խափանմանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ նշելով․

«Արցախում գազի վթարի առնչությամբ այս պահին կա առնվազն 4 հաստատված փաստ՝

1) Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկված է գազից այսօր գիշերվանից՝ ժամը 1-ից սկսած.

2) վթարը Շուշիի շրջանի այն հատվածում է, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է.

3) ադրբեջանական կողմը խոչընդոտում է և թույլ չի տալիս, որպեսզի «Արցախգազ» ընկերության մասնագետները վերացնեն վթարն ու վերականգնեն գազամատակարարումը.

4) ադրբեջանական կողմը չի տրամադրում որևէ բացատրություն գազամատակարարման դադարեցման կամ վթարի պատճառների մասին:

Ակնհայտ է, որ գազի մատակարարման դադարեցումով հումանիտար լուրջ խնդիրներ են առաջանալու, իրավունքների զանգվածային խախտումներ Արցախի ողջ բնակչության՝ ավելի քան 100,000 մարդու համար:

Ադրբեջանական զինված ծառայողների կողմից գազամատակարարման վերականգնման աշխատանքների խոչընդոտումը և բացատրություններ չտրամադրելն ակնհայտ նշանակում է հանցավոր դիտավորություն, ահաբեկչական արարք 100,000-ից ավելի մարդու նկատմամբ:

Սա ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության ակնհայտ դրսևորում է, որ ապացուցում է խաղաղության մտադրությունների բացակայությունը ադրբեջանական իշխանությունների մոտ և ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը Արցախի նկատմամբ:

Նշված փաստերը հաստատել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը»:

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ անցնող գիշեր վնասվել է Շուշի-Զառիֆլու հատվածի գազատարը, խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ են ընթանում։

Ավելի ուշ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ կատարված ուսումնասիրությունների ևիրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, ու որ՝ «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։

Խնդրից տեղյակ է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Նա, նկատելով, որ ադրբեջանական կողմի հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար, խստորեն դատապարտելի է համարել «առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը»։

Лента

Рекомендуем посмотреть