Ադրբեջանական կողմը հանցավոր դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ գազի խողովակի «վթարի» վայրին․ Արցախի և ՀՀ ՄԻՊ-եր - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական կողմը հանցավոր դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ գազի խողովակի «վթարի» վայրին․ Արցախի և ՀՀ ՄԻՊ-եր

2022-03-08 20:40 , Право, 1078

Ադրբեջանական կողմը հանցավոր դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ գազի խողովակի «վթարի» վայրին․ Արցախի և ՀՀ ՄԻՊ-եր

Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը դեռ զրկված է գազամատակարարումից։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների ևիրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։

Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրեբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։

Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։

Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է»,-ասված է Գեղամ Ստեփանյանի հայտարարությունում։

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն էլ, տեղեկացնելով, որ կապի մեջ է Արցախի իր գործընկերոջ հետ և տեղյակ է խնդրին, տարածած հաղորդագրությունում նշել է․

«Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար։

Խստորեն դատապարտելի է առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը»։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ անցնող գիշեր վնասվել է Շուշի-Զառիֆլու հատվածի գազատարը, խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ են ընթանում։

Лента

Рекомендуем посмотреть