«Մենք միայն համտեսում ենք, վայելում ենք այդ ուտեստները, բայց չենք տեսել, թե ինչպես են դրանք պատրաստվում». ահա այս մտքից էլ ծնվել է Հայաստանում ապաստանած կանանց համար իրականացվող հերթական միջոցառման գաղափարը: Միջոցառում, որն այս անգամ ոչ միայն գույն ու ջերմություն, այլ նաև համ ու հոտ ուներ։
Կանանց տոներին ընդառաջ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԲՀԿ)՝ «Փախստականների և ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքների իրացումն անվտանգ, բարենպաստ և ապահով միջավայրում» ծրագրի «Համայնքային մոբիլիզացիա» բաղադրիչի շրջանակներում ավանդական խոհարարական վարպետության դասին (անգլ.՝ master class) համախմբել էին Հալեպից Իրաքից, Արցախից, Սումգայիթից Հայաստանում ապաստանած 2 տասնյակ կանանց։
Երևանի տաքուկ անկյուններից մեկում իրենց խոհարարական հմտությունները մասնակիցներին փոխանցեցին իրաքահայ Օսաննա Տեր-Դավթյանը և Հադրութեցի Սուսաննա Մադունցը։
Օսաննան, ով Բաղդադից 3 տարի առաջ է հաստատվել Հայաստանում, բացահայտեց Իրաքի ամենահարգի կերակուրներից «գուզի փլավ»-ի գաղտնիքը՝ 7 բահարով, բրնձով, կարտոֆիլով, նուշով, չամիչով և մսով:
Հադրութեցի Սուսաննան էլ, իր ձեռքերով շաղախելով արցախյան«ժենգյալավ հաց»-ի խմորը, մասնակիցներին բացեց գաղտնիքը՝ խմորում ձու չկա, միայն՝ աղ, այլուր ու ջուր է: Դե իսկ լցոնն էլ՝ Ստեփանակերտից բերված բազմատեսակ կանաչեղենը:
«Ռադիո Վան»-ի հետ զրույցում տիկին Սուսաննան, ով Երևանում «Արցախի բարիքներ»-ի տնօրենն է, մի նրբության մասին շեշտեց՝ ժենգյալով հացի իսկական սեզոնը հիմա է բացվում, երբ կանաչեղենի տեսականին շատ է, հունվարից փետրվար այդ ուտեստը չեն պատրաստում:
«Երբ հունվարին ինձ պատվիրում են ժենգյալով հաց՝ ասում եմ չկա, չի կարող լինել, որովհետև կանաչեղենը չկա»,-նշեց նա:
Ժենգյալով հացի պատրաստման գիտակ արցախցի կանանց համար նորություն էր իրաքյան ուտեստը, նշում էին՝ գրելու են բաղադրատոմսը ու տանն անպայման պատրաստեն: Սիրիահայ կանայք ևս, ովքեր ակտիվորեն մասնակցում էին ուտեսների պատրաստմանը, նույնն էին նշում։
«Արդեն 1,5 տարի աշխարհից, ամեն ինչից կտրված էի, այս միջոցառումը շատ մեծ կարևորություն ուներ»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց շեֆ խոհարարի 18 տարվա փորձ ունեցող Շուշիից տեղահանված տիկին Աիդան, ով «աչքի պոչով» հետևում էր իրաքյան ուտեստի պատրաստմանը:
«Կարտոֆիլ մեր փլավի մեջ չկա փորձի փոխանակում է»,-իր հերթին նշեց շուշեցի Հերիքնազը, որի համար միջոցառումը առիթ էր հետաքրքիր կանանց հետ ծանոթանալու:
«Խոհանոցը օվկիանոս է, կռնաս ամեն բան արարել»,-նկատեց 65-ամյա տիկին Գոհարը՝ մեկնելով բառի բուն իմաստը՝ խոհարար-խոհ/մտածել+արարել։
«Ամենակարևորը փոխանցենք լավատեսություն, որ կյանքը շարունակվում է, պետք է ապրել, շնչել ու լինել զգոն սթափ, ու գնահատել հյուրընկալ համայքը, որ ունես։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այս դժվարին աշխարհում կանայք չմոռանան իրենց ժպիտը, ձիրքը»,-անդրադառնալով միջոցառման բուն նպատակին՝ ասաց ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը։
Իսկ գալիք տոների առթիվ ներկա կանանց մաղթանքը մեկն էր՝ խաղաղություն աշխարհին։
Միջոցառումն ավարտվեց հաճելի նոտայով․ մասնակիցները ոչ միայն ջերմ մթնոլորտում ճաշակեցին պատրաստած ուտեստները, այլև հեռացան՝ յուրօրինակ խաղի միջոցով իրենց բաժանված նվերներով։
Հավելենք՝ «Համայնքների մոբիլիզացիա» ծրագրի շրջանակում ՄԱԿ ՓԳՀ-ն և «Առաքելություն Հայաստան»-ը մեր երկրում ապաստանածների համար պարբերաբար կազմակերպում են տարատեսակ վարպետության դասեր, խաղ-միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան