«Բանմը ավելի կսովորինք, շատ լավ է»․ Հայաստանում ապաստանած կանայք մասնակցել են տիկնիկե կրծքազարդերի վարպետաց դասի - RadioVan.fm

Онлайн

«Բանմը ավելի կսովորինք, շատ լավ է»․ Հայաստանում ապաստանած կանայք մասնակցել են տիկնիկե կրծքազարդերի վարպետաց դասի  

2021-12-28 19:35 , Общество, 2096

«Բանմը ավելի կսովորինք, շատ լավ է»․ Հայաստանում ապաստանած կանայք մասնակցել են տիկնիկե կրծքազարդերի վարպետաց դասի

«Վերցնում ենք կտորը, այ, այս դիրքով, այ, այս կարից մի երկու անգամ կարում, մանր քայլերով գնում ենք առաջ, փոթ ենք անում». տիկնիկագործ Աննա Աթաբեկյանը՝ իրեն հատուկ հանդարտությամբ ու հոգատարությամբ, վարպետության դաս է անցկացնում ճակատագրի բերումով իրենց տները լքած, դժվար փորձություններով անցած ու Հայաստանում ապաստան գտած մեր հայրենակիցների համար:

Իսկ նրանց մեկ հարկի տակ էին համախմբել Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԲՀԿ)՝ «Համայնքների մոբիլիզացիա» ծրագրի շրջանակում:

Ինչպես «Ռադիո Վան»-ի հետ զրույցում պատմեց ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը՝ հատուկ Հայաստանում ապաստանած իրաքահայ, ադրբեջանահայ և սիրիահայ կանանց համար տիկնիկի տեսքով կրծքազադերի պատրաստման վարպետաց դաս անցկացնելու գաղափարը ծնվել է Բերքի փառատոնի ժամանակ, երբ ուտեստների և ձեռքի աշխատանքների կողքին բացահայտել են փոքրիկ տիկնիկների տաղավարը:

Հետաքրքրվել ու պարզել են, որ այդ աշխատանքների հեղինակը Աննա Աթաբեկյանն է, որը ադրբեջանահայ փախստականի ընտանիքից է:

«Ասեցինք՝ Աննա ջան, դու պիտի սովորեցնես, կսովորեցնե՞ս: -Իհարկե, մեծ հաճույքով,-ասաց նա, և հիմա մենք էստեղ ենք»,-հիշում է տիկին Հայրապետյանը՝ ուրախությամբ փաստելով, որ ամեն լավ նախաձեռնություն ծնվում է հանպատրաստից, բնական շփման ժամանակ:

«Նպատակը ոչ միայն հմտություններ ուսուցանելն ու նրանց ժամանցը կազմակերպելն է, այլև՝ հետագայում միմյանց հետ շփվելու հնարավորություն ստեղծելն է»,-նշում է «Առաքելություն Հայաստան»-ի սոցիալական աշխատող Արփինե Անտոնյանը:

«Եւ՛ օգնենք, բայց և՝ հնարավորություն տանք նոր բան սովորելու կամ զարգացնելու»,-հավելում է Անահիտ Հայրապետյանը:

Միջոցառման մասնակիցները, որոնցից 2-ը, պարզվեց, Հալեպում հարևաններ են եղել և 7 տարվա բաժանումից հետո հանդիպեցին միմյանց այդ օրը, ուրախ էին ու գոհ։

Ջերմ ու անկաշկանդ միջավայրում կայացած վարպետության դասին թել ու ասեղի օգնությամբ կտորները վերածվեցին խոսուն տիկնիկների՝ կրծքազարդերի տեսքով, իսկ յուրաքանչյուրն իր հետ տարավ սեփական ձեռքերով պատրաստածը, տանելով նաև այն ջեմությունը, որով լցվել էր Երևանի տաքուկ անկյուններից մեկը:

«Ցանկանում եմ, որ բոլոր փախստականներն ապրեն Հայաստանում միշտ խաղաղ երկնքի տակ, չտխրեն, չձանձրանան, աշխատեն, գնահատվեն։ Ապրենք նույն հողի վրա հավասար իրավունքներով, տխրության պահին տխրենք միասին, ուրախության պահին միասին ուրախանանք»,-Ամանորին ընդառաջ իր մաղթանքը հղեց ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը՝ որի խոսքով՝ սա տարվա ա՛յն ժամանակն է, երբ համոզված ես, որ երազանքդ կիրականանա:

Դեկտեմբերի 25-ին կայացած միջոցառման մանրամասները՝ տեսանյութում:

Հավելենք՝ «Համայնքների մոբիլիզացիա» ծրագրի շրջանակում ՄԱԿ ՓԳՀ-ն և «Առաքելություն Հայաստան»-ը մեր երկրում ապաստանածների համար պարբերաբար կազմակերպում են տարատեսակ վարպետության դասեր, խաղ-միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть