Ադրբեջանական իշխանությունները անմիջական պատասխանատվություն են կրում այսօր Երասխում հայ զինծառայողին սպանելու համար․ Արման Թաթոյան - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական իշխանությունները անմիջական պատասխանատվություն են կրում այսօր Երասխում հայ զինծառայողին սպանելու համար․ Արման Թաթոյան

2022-03-07 18:18 , Право, 1140

Ադրբեջանական իշխանությունները անմիջական պատասխանատվություն են կրում այսօր Երասխում հայ զինծառայողին սպանելու համար․ Արման Թաթոյան

«Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և անմիջական պատասխանատվություն են կրում այսօր՝ մարտի 7-ին, Երասխում ադրբեջանական նշանառու կրակոցներով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Չի կարելի անտեսել փաստերն առ այն, որ`

1. ադրբեջանական զինված ծառայողերը

պատերազմի սպառնալիքների ներքո տեղակայված են ՀՀ գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին.

2.2020թ. նոյեմբերի 9-ից հետոԳեղարքունիքում և Սյունիքում ֆիզիկապես ներկա են շինություններում և հողատարածքներում (արոտվայրեր, վարելահողեր և այլն), որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչներին կամ համայնքային սեփականություն են:

3. Պարբերաբար կրակում են մեր գյուղերի, այդ թվում` Երասխի խաղաղ բնակիչների, նրանց տների ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին, զբաղված են գողություններով, դիտավորյալ խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքները և թույլ չեն տալիս, որ խաղաղ բնակիչները վաստակեն ընտանիքի եկամուտը և այլն:

4. Նրանց ցինիկ հանցավոր արարքների պատճառով վտանգված է մարդկանց անվտանգ կյանքը, խաթարված է բնականոն ապրելակերպն ու անվտանգությունը, մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի հնարավորությունից, հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

Արցախում պատերազմից հետո բնույթով նույն խախտումներն են, բայց առավել ագրեսիվ դրսևորումներով (խաղաղ բնակիչների սպանության դեպքեր և այլն):

5. Ադրբեջանական իշխանությունները պատերազմից հետո խորացրել են հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը: Այս փաստն ապացուցված է իմ այս զեկույցում:

Ակնհայտ է, որ նրանց իրական մտադրություններում խաղաղությունը բացակայում է, դա միայն շղարշ է արտաքին աշխարհի համար, իսկ երկու ժողովուրդների միջև թշնամանքը, արտաքին թշնամու շարունակական կերպարը հայատյացության տեսքով՝ սեփական իշխանությունը պահպանելու միջոց:

6. Անչափ կարևոր գործոն է, որ ադրբեջանական զինված որևէ ծառայող իր հանցանքների համար չի պատժվել, այդ արարքները միայն խրախուսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից:

7. ՀՀ զինծառայողները պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու առողջությունը, խաղաղ ու անվտանգ կյանքը»,-գրել է Արման Թաթոյանը, ով, հիշեցնենք, պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո հայտարարել է, որ իր պաշտոնավարման ավարտով ուրախացած ադրբեջանական իշխանություններին չի կարող այդքան հաճույք պատճառել՝ շարունակելու է վեր հանել նրանց իրագործած պատերազմական հանցագործությունների փաստերը։

Հավելենք՝ մինչ այս պահը ՀՀ նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանից Երասխում ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով 1 հայ զինծառայողի սպանության և 1-ի վիրավորման փաստի առնչությամբ որևէ հաղորդագրություն չի ստացվել։

Այս րոպեներին ՄԻՊ աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց այսօր կառավարության շենքի դիմացից բերման ենթարկվածներին այցելելու մասին լուր։

Лента

Рекомендуем посмотреть