Թաթոյանը ադրբեջանական իշխանություններին հաճույք չի պատճառի, պաշտոնավարման ավարտից հետո էլ վեր է հանելու Բաքվի հանցագործությունները - RadioVan.fm

Онлайн

Թաթոյանը ադրբեջանական իշխանություններին հաճույք չի պատճառի, պաշտոնավարման ավարտից հետո էլ վեր է հանելու Բաքվի հանցագործությունները  

2022-02-23 13:16 , Политика, 917

Թաթոյանը ադրբեջանական իշխանություններին հաճույք չի պատճառի, պաշտոնավարման ավարտից հետո էլ վեր է հանելու Բաքվի հանցագործությունները

«Վատ լուր ունեմ ադրբեջանցիների համար՝ չեմ դադարեցնելու իմ հանրային գործունեությունը, հատկապես, ադրբեջանական խախտումների հետ կապված՝ շարունակելու եմ վեր հանել պատերազմական հանցանքները, այնպես որ, իրենք ուրախանալու տեղ չունեն»,-պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ ասուլիսում այսօր ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ այս պահին իրեն չի տեսնում պետական համակարգում։

Թաթոյանը, ով իր կարիերան սկսել է ՄԻՊ հաստատությունից՝ աշխատելով ՀՀ առաջին երկու Պաշտպանների օրոք, ով եղել է միջազգային կառույցներում, քաղաքացիական հասարակությունում, տարբեր հարցերով միջազգային փորձագետ, խորհրդական, աշխատել է նաև արդարադատության նախարարի տեղակալի, Եվրոպական դատարանում ներկայացուցչի տեղակալի պաշտոններում, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իր աշխատանքը ոչ թե որևէ քաղաքական ուժի մեծահոգության արդյունք է համարում, այլ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու առաքելությանը՝ իր և իր անձնակազմի նվիրվածության։

Թաթոյանի խոսքով՝ իր համար առաջնայինը Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում գտնվող իր ժողովրդի համագործակցված շահն է, և իրավապաշտպան ոլորտիցչի հեռանում՝ ադրբեջանական իշխանություններին չի կարող այդքան հաճույք պատճառել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ ՄԻՊ Արման Թաթոյանն ավելի վաղ հայտնել էր, որ իր՝ ՀՀ սահմանների որոշման գործընթացում մարդու իրավունքների խախտումների, ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների (դրոշների ու ցուցանակների) հայտնվելու ու քաղաքացիական բնակիչների նկատմամբ ադրբեջանական սադրանքների մասին հայտարարություններից հետո ադրբեջանական լրատվամիջոցները, Մեջլիսի պատգամավորների ներգրավմամբ, իր դեմ կազմակերպված հարձակումներ են նախաձեռնել՝ իրեն պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ:

«Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից բնակիչների իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի, ապառազմականացված անվտանգության գոտու, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական կոչերի անազնիվ լինելու վերաբերյալ մեր հիմնավորված վերլուծությունները դարձել են ոչ թե պարզապես քննադատության, այլ խորքային վիրավորանքների ու ատելության առարկա՝ միախառնած բազմաթիվ սպառնալիքներով»,-ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ իր պաշտոնավարման ավարտն ադրբեջանական ԶԼՄ-ներին պատճառել է մեծ ուրախություն: Որպեսզի պարզ լինի Բաքվի մամուլի ծայրահեղական բառապաշարը՝ նա այդ հրապարակումներից որոշները ներկայացրել է լուսանկարներով։

Հավելենք՝ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարի 23-ին։ Ազգային ժողովն արդեն ընտրել է ՀՀ Մարդու իրավունքների նոր պաշտպան․ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել և ընտրել է վերջերս արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատված Քրիստիննե Գրիգորյանին։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть