Այսօր Երևանում, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հանձնաժողովների նիստերին զուգահեռ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բակում բողոքի ակցիաներ էին. դրսում հավաքված հասարակական, քաղաքական, մշակութայինգործիչները, 2020-ի պատերազմի հետևանքով արցախից տեղահանված քաղաքացիները, զոհվածների հարազատներն իրենց բողոքնու վրդովմունքն էին արտահայտում եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի հայատյաց քայլերին չարձագանքելու, ինչպես նաև՝ այդ երկրի պատգամավորների այցի առնչությամբ:
«Ամոթ ձեզ», «Հայ գերիները Ադրբեջանի բանտերում, ադրբեջանցիները՝ Երևանում», «Հադրութը մեր տունն է», «Շուշին մեր տունն է», «Արդարադատություն Արցախի համար», «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». ներկաները ձեռքերում պարզել էին նման գրույթամբ պաստառներ:
«Ինչ-որ ադրբեջանցի պատգամավորիկներ, որոնց մենք թշնամի ենք համարում, եկել են մեր երկիր, որ ի՞նչ անեն: Ադրբեջանցիները մեր թշնամիներն են և վերջ»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց ներկա երիտասարդներից մեկը, ով համալիր էր եկել 44-օրյա պատերազմում որդուն կորցրած երգիչ Դավիթ Ամալյանի կոչով:
Երիտասարդն անհնար համարեց իշխանությունների՝ «խաղաղության դարաշրջան բացելու» ձգտումները:
«Հնարավոր չէ խաղաղության դարաշրջան, երբ որ մեր գերիներին խոշտանգում են, ունենք 4000 զոհ, Արցախի 75 տոկոսի կորուստ։ Անհնար է»,-ասաց նա:
«Էսօրվա մեր ղեկավարներն ու՞մ են դիմավորել էստեղ՝ ադրբեջանցիների՞, շատ լավ տեղավորել, հավանաբար, շատ թանկ հյուրանոցներում, իսկ ու՞ր են արցախցիները, որոնք տեղահանվել են, կորցրել են ամեն ինչ։ Գոնե մտածու՞մ են այդ մասին, իհարկե, ոչ»,-ասաց ադրբեջանցի պատգամավորների՝ Երևան այցի դեմ բողոքին միացած Հադրութից տեղահանված 70-ամյա կինը։
Արցախյան 3 պատերազմների բովով անցած բեյրութահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը ներկայիս պայմաններում ադրբեջանցի պատգամավորների այցն անընդունելի համարեց:
«Թող այցելեին, բայց ո՛չ այս պայմաններում. եկե՞լ են 2 պատգամավոր՝ թող իրենց հետ 2 հայ գերի բերեին Բաքվից՝ որպես բարի կամք։ Դա էլ չեն արել, եկել են որ ի՞նչ անեն»,-ասաց ազատամարտիկը՝ նկատելով, որ ներկա իշխանությունները, կարծես դիտավորյալ, նպատակ ունեն սպանել հաղթանակի ոգին, ինչը չի հաջողվելու:
«Ռադիո Վան»-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նկատեց, որ նման այցերի հնարավորություն Ադրբեջանի պատվիրակները մինչ այս իշխանություններն էլ ունեցել են, բայց միշտ շեշտել են, որ վախենում են, ու իրենց պատվիրակների այցը Հայաստան անվտանգ չեն համարում:
«Նախկինում նման առիթների դեպքում Ադրբեջանը վայնասուն էր բարձրացնում, շեշտում, որ վախենում են, չեն համարում, որ իրենց պատվիրակների համար Հայաստան գալն անվտանգ է։ Հիմա որևէ վախ կամ անհանգստություն չկա, որովհետև իրենք եկել են իրենց բարեկամների մոտ, որոնք մեր Հայաստանի իշխանություններն են: Այ սա է ինձ համար տարակուսելի»,-ասաց տիկին Հակոբյանը՝ ընդգծելով, որ, եթե այսպես շարունակվի, կարճ ժամանակ հետո Երևանում կտեսնենք Ադրբեջանից զբոսաշրջիկների խմբի։
Արցախցի պատգամավորը շեշտեց, որ ժողովրդավարության բաստիոն երկրները պետք է տեսնեն, որ Հայաստանի իշխանությունները դիկտատորներ են, պետք է լսեն արցախցիների կոչերն առ այն, որ այսօր Բաքվում են 100-ից ավելի գերիներ, որոնց մասին Ադրբեջանը չի խոսում, շարունակում է խոշտանգել, կտտանքների ենթարկել, իսկ աշխարհը, Եվրոպան՝ լռում են, չտեսնելու են տալիս:
Հայտնել էինք, որ փետրվարի 21-22-ին Երևանում կայանալու են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստեր, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել Արևելյան գործընկերության երկրներից Ադրբեջանի (Հայաստան է ժամանել ադրբեջանցի 2 պատգամավոր և մեկ ուղեկցող), Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:
Նախօրեին անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորների հետ ոչ ֆորմալ հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը բացառել էր դա՝ կոչ անելով «էս 2 օրվա ընթացքում էդ 240 վոլտանոց հոսանքը չմիացնել ՀՀ քաղաքացիների նյարդերին»:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան