«Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը քայլեր չի ձեռնարկել, բայց վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանին է փոխանցվել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին։ Առաջիկա օրերին ևս 2 մարմին ենք պատրաստվում փոխանցել»,-այս մասին այսօր, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այս գործընթացը սկսվել է դեռևս 2020թ.-ի սկզբից։
Իսկ թե ինչո՞ւ մինչ այժմ այդ մասին չէր հրապարակվել՝ Փաշինյանի պարզաբանմամբ՝ չեն հրապարակել, քանի որ համարում են, որ դա հումանիտար հարց է և միջազգային դիվիդենտներ հավաքել կամ չհավաքելու հարց չկա:
Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախյան առաջին պատերազմում շուրջ 4 000 անհետ կորած ունենալու մասին պարբերաբար հնչող հայտարարություններին, նշել է որ հայկական կողմը ևս ունի անհետ կորածներ, նրանց թիվը 777 է և ինքն ակնկալում է, որ ոչ միայն առաջին պատերազմում, այլև 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում կհաջողվի համագործակցություն հաստատել, և արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հարցուպատասխանի մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով Հայաստանից պահանջել կատարել իր պարտավորությունները հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած Ադրբեջանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցում։ Նամակում ընդգծվել է, թե, ղեկավարվելով հումանիզմի սկզբունքով՝ 2022 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել հայազգի 8 զինծառայողի և, ի պատասխան այդ քայլի, հայկական կողմը պետք է ադրբեջանական կողմին տեղեկատվություն տրամադրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նրանց ենթադրյալ հուղարկավորության վայրերի մասին։