«Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային, միաժամանակ, հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն՝ հետևելովարտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) որդեգրած «շատ գործել, քիչ խոսել» կարգախոսին»,-այսօր հրավիրված մամլո ասուլիսում Արցախի 2022 թվականի արտաքին քաղաքականության ռազմավարության ու մարտավարության մասին է բարձրաձայնել երկրի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նա ասել է, որ շարունակելու են ակտիվորեն և համառորեն պաշտպանել Արցախի շահերը, անկախությունն ու ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդել համահայկական միասնականությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։
ԱԳՆ գործունեության հիմնական ուղղություններն, ըստ Բաբայանի, կլինեն Արցախի միջազգային ճանաչումը, տարբեր երկրների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու զարգացումը, հայկական Սփյուռքի համայնքների և կառույցների հետ հարաբերությունների խորացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն ու ամրապնդումը։
Հայտնել էինք, որ Դավիթ Բաբայանը նաև հայտարարել է, որ Արցախի վրա հարձակումը կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա։
Արցախի ԱԳՆ 2021 թվականի գործունեության վերաբերյալ նախարար Դավիթ Բաբայանի ամփոփիչ մամուլի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։