Վաղը՝ հունվարի 14-ին, Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպմանը Ռուսաստանը չի մասնակցի, սակայն Մոսկվան, ընդհանուր առմամբ, աջակցում է Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Այդ մասին այս տարվա առաջին ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երկխոսությունը, երկու երկրի միջև է և, ինչպես հասկանում եք, մենք այդ ձևաչափում ընդգրկված չենք: Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ աջակցություն երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, երկխոսության կառուցմանը, շփումների կարգավորմանը և գործնականում այդ ամենին աջակցություն ենք ցուցաբերել»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակի ճեպազրույցից այլ մանրամասները՝ տեսանյութում:
Տարեվերջին, հիշեցնենք, ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասել էր, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը:
Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայինը՝ Վաշինգտոնում այդ երկրի նախկին դեսպան, Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության ակտիվ ջատագովներից համարվող 63-ամյա Սերդար Քըլըչը։