ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտելով այսօրվա սադրանքը՝ Ադրբեջանին կոչ է անում կատարել Սոչիում և Բրյուսելում ստանձնած՝ տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությունը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտելով այսօրվա սադրանքը՝ Ադրբեջանին կոչ է անում կատարել Սոչիում և Բրյուսելում ստանձնած՝ տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությունը

2022-01-11 23:05 , Политика, 1202

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտելով այսօրվա սադրանքը՝ Ադրբեջանին կոչ է անում կատարել Սոչիում և Բրյուսելում ստանձնած՝ տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) տարածել է հայտարարություն հունվարի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:

Հայտարարությունում ասված է.

«Խստորեն դատապարտում ենք այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, ինչի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Արթուր Արտյոմի Մխիթարյանը և Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են: Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողներին:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքը հերթական դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների, որոնք սկիզբ են առել 2021թ մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և շարունակվել պարբերական զինված հարձակումներով։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ պաշտոնական Բաքուն, շարունակելով ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը:

Հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:

Ադրբեջանական իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և կատարել Սոչիի եռակողմ հայտարարությամբ և բրյուսելյան հանդիպման արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությունը»։

Лента

Рекомендуем посмотреть