Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ՀՀ ՊՆ) հայտնում է, որ այսօր՝ հունվարի 11-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Եւս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ըստ ՊՆ-ի՝ ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայունացել էր, սակայն ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հաղորդվել էր, որ ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Պաշտպանության նախարարությունը երեք վիրավորի մասին էր հայտնել: