Հայաստանում 12 տարեկանից բարձր մոտ 1000 դեռահաս արդեն ստացել է «Մոդեռնա» պատվաստանյութի 1-ին դեղաչափը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում 12 տարեկանից բարձր մոտ 1000 դեռահաս արդեն ստացել է «Մոդեռնա» պատվաստանյութի 1-ին դեղաչափը

2021-12-27 19:09 , Общество, 1094

Հայաստանում 12 տարեկանից բարձր մոտ 1000 դեռահաս արդեն ստացել է «Մոդեռնա» պատվաստանյութի 1-ին դեղաչափը

Հայաստանի Հանրապետությունում 12 տարեկանից բարձր մոտ 1000 դեռահաս պատվաստվել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամերիկյան «Մոդեռնա» պատվաստանյութով։ Այդ մասին «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ԱՆ ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ նշելով, որ երեխաները դեռ ստացել են 1-ին դեղաչափը։

Տիկին Սահակյանի խոսքով՝ դեռահասների պատվաստումն իրականացվում է բացառապես խնամակալի գրավոր դիմումի հիման վրա։

Նշենք՝ Հայաստանում ներկայումս կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվում է հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։

Եթե 4-ի դեպքում պատվաստումները՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ապա «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները 12 տարեկանից սկսած՝ ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում. կիրառման ուղեցույցում փոփոխությունը կատարվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

ՀՎԿԱԿ իրականացրած ռիսկի գնահատման արդյունքների համաձայն՝ պատվաստումները 3,8 անգամ նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, հոսպիտալացման ռիսկը նվազում է 7,5 անգամ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть