Պատվաստումները 3,8 անգամ նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, հոսպիտալացման ռիսկը նվազում է 7,5 անգամ. Գայանե Սահակյան - RadioVan.fm

Онлайн

Պատվաստումները 3,8 անգամ նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, հոսպիտալացման ռիսկը նվազում է 7,5 անգամ. Գայանե Սահակյան  

2021-12-27 18:55 , Общество, 1256

Պատվաստումները 3,8 անգամ նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, հոսպիտալացման ռիսկը նվազում է 7,5 անգամ. Գայանե Սահակյան

Հայաստանում չպատվաստվածների 0,39%-ը, կամ յուրաքանչյուր 337-րդը ենթակա է կորոնավիրուսով վարակման ռիսկի, իսկ ամբողջական՝ 2 դեղաչափ պատվաստվածների՝ 0,08%-ը կամ յուրաքանչյուր 1290-րդը: Այսինքն՝ պատվաստումը 3,8 անգամ նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ԱՆ ՀՎԿԱԿ), պարզելու համար, թե ի՞նչ ազդեցություն են ունենում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները հիվանդացության ցուցանիշների վրա, ռիսկի գնահատում է իրականացրել:

Ըստ ցուցանիշների՝ հոսպիտալացման ռիսկի է ենթակա չպատվաստվածների 0,09%-ը կամ յուրաքանչյուր 1379-րդը, իսկ 2 դեղաչափ պատվաստվածների 0,01%-ը կամ յուրաքանչյուր 1141-րդն է ենթակա հոսպիտալացման ռիսկի: Այսինքն՝ պատվաստման դեպքում հոսպիտալացման ռիսկը նվազում է 7,5 անգամ:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափը ստացածների 1.3%-ն է վարակվել կորոնավիրուսով, իսկ 2 ղեղաչափ ստացածների՝ 1.2%-ը։ Ինչ վերաբերում է հոսպիտալացվածներին, ապա ամբողջական պատվաստվածների 0.12%-ն է հոսպիտալացվել, որոնցից վերականդանացման բաժանմունքում հայտնվել է միայն 0.011%-ը:

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ընդգծում է՝ ս․թ․ ապրիլի 13-ից պատվաստումային գործընթացի մեկնարկի սկզբնական դժվարություններից հետո օգոստոսից արդեն ակտիվացել է: Հանրապետությունում օրական 15-20 հազար պատվաստում է իրականացվում: Գայանե Սահակյանի խոսքով՝ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա շատ կարճ ժամանակահատվածում 18 տարեկանից բարձր ազգաբնակչության 50%-ը պատվաստված կլինի 1-ին դեղաչափով:

Տիկին Սահակյանը, անդրադառնալով շրջանառվող կարծիքներին առ այն, թե «ի՞նչ իմաստ ունի առկա պատվաստանյութերով պատվաստվելը, եթե աշխարհը մոլեգնում է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը», տեղեկացնում է՝

«Առկա պատվաստանյութերը «Օմիկրոն»-ի նկատմամբ ունեն արդյունավետություն: Կա եզրահանգում, որ պետք է շարունակել պատվաստումները, շարունակել նաև՝ խթանիչ դեղաչափով, որովհետև այն արդյունավետ է հենց այդ շտամի նկատմամբ»:

Թե ի՞նչ համակցությամբ է պետք պատվաստվել խթանիչ դեղաչափով, և թե՝քանի՞ դեռահաս է պատվաստվել «Մոդեռնա»-յով՝ տեղեկացեք Գայանե Սահակյանի հետ զրույցից:

Նշենք՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ ներկայումս կիրառվում է հինգ տեսակի պատվաստանյութ: Բոլորի դեպքում էլ լիարժեք պատվաստման համար ցուցված է 2 դեղաչափը, թեև տարբեր են 1-ին և 2-րդ դեղաչափի միջակայքերը:

Այսպես՝ ռուսական «Սպուտնիկ Վի»-ի դեպքում 2-րդ դեղաչափը ներարկվում է 21 օր անց,բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա»-յի դեպքում՝ 8-12 շաբաթ հետո, չինական «Կորոնավակ»-ի դեպքում՝ 4 շաբաթ անց, չինական «Սինոֆարմ»-ի 2-րդ դեղաչափը ցուցված է 3-4 շաբաթ հետո, իսկ ամերիկյան «Մոդեռնա»-յի դեպքում՝ 4-րդ շաբաթը:

Եթե 4-ի դեպքում պատվաստումները՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ապա «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները 12 տարեկանից սկսած՝ ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

Հավելենք՝ առաջիկայում ՀՀ-ում պատվաստանյութերի ցանկը կհամալրվի 25 հազար դեղաչափ «Սպուտնիկ լայթ»-ով, որը կկիրառվի հիմնականում բուստեր՝ խթանիչ պատվաստումների համար, մինչև տարեվերջ 200 000 դեղաչափ «Փֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերման համար էլ կառավարությունը ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացրել է 1,2 միլիարդ դրամ:

Հանրապետությունում դեկտեմբերի 26-ի դրությամբ կատարվել է 1 626 738 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 934 028, երկրորդ դեղաչափ` 692 082:

Ոլորտի պատասխանատուները հիշեցնում և ընդգծում են՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումն ու նվազեցնում առողջապահական համակարգի բեռը: Պատվաստանյութերը բնականոն կյանքի վերադառնալու ամենաարագ և արդյունավետ միջոցն են: Ինչքան ավելի շատ մարդ է պատվաստվում, այդքան զարգանում է ազգաբնակչության պաշտպանվածությունը, և վիրուսի՝ հիվանդության շրջանառությունը դադարում է կամ դանդաղում: Սա կոչվում է «կոլեկտիվ իմունիտետ»:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть