«էս նեղ պահին 200000 դոլարանոց մեքենա են գնում, ես դեռ 2019-ին վաճառել եմ քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք արել բյուջե․ հիմա ասեք՝ ո՞վ է շեղվել հեղափոխական արժեքներից»․ Մարության - RadioVan.fm

Онлайн

«էս նեղ պահին 200000 դոլարանոց մեքենա են գնում, ես դեռ 2019-ին վաճառել եմ քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք արել բյուջե․ հիմա ասեք՝ ո՞վ է շեղվել հեղափոխական արժեքներից»․ Մարության

2021-12-22 15:57 , Политика, 1506

 «էս նեղ պահին 200000 դոլարանոց մեքենա են գնում, ես դեռ 2019-ին վաճառել եմ քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք արել բյուջե․ հիմա ասեք՝ ո՞վ է շեղվել հեղափոխական արժեքներից»․ Մարության

«Այս մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 000 դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքա՜ն անհրաժեշտ գնում է դա պետության համար։ Պատկերանցո՞ւմ եք, մի երկիր, որը, կրկնում եմ, 30 տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրեստիժի համար է։ Ուրեմն ասեմ, հարգելինե՛րս, դա պրեստիժ չի, հակառակը՝ դա մովետոն է, դա շատ վատ տպավորություն է թողում։ Դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում դրսում, այլ միայն տարակուսանք և քմծիծաղ։

Ու կարծում եմ, ավելորդ չի լինի ասել, որ ես դեռ 2019-ին վաճառքի եմ հանել քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք եմ արել քաղաքային բյուջե, էս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսան» եմ քշում, ընդ որում, առանց վարորդի, ինքս եմ վարում (թիկնապահի մասին, բնականաբար, խոսք չկա): Երբեք, երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Եվ սա հերոսություն չի, սա, ինչպես ասում են՝ լավ չի, սա նորմալ ա։ Որովհետև դա իմ համոզմունքն է ու դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը։ Որովհետև 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի՛ կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածել, սեփական կոմֆորտի մասին մտածել։ Այստեղ պետական աշխատանքը ինքնազոհողություն ու զրկանք պետք է լինի դեռ երկար տարիներ։

Բայց ինչպես տեսնում ենք, ՔՊ մեր գործընկերները, ցավոք, չեն կիսում այս սկզբունքը։ Դե հիմա ասեք՝ ով է շեղվել հեղափոխական արժեքներից։

Եվ հենց սա է հիմնական պատճառը, որ իմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապը այդքան կարճ տևեց։ Եվ ես անցած տարի որոշեցի դուրս գալ այդ կուսակցությունից։ Ընդ որում, պատերազմը մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը»,-այդ մասին քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցով հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իշխող խմբակցության հայտարարություններին, թե ինքը «շեղվել է հեղափոխական արժեքներից։

Հայկ Մարությանն իր ելույթում անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու պատճառներին՝ բացահայտելով, որ բազմաթիվ պաշտոնյաներից այս կամ այն հարցին միջամտելու զանգեր է ստացել, ինչը իր համար տհաճ ազդակ է եղել։

Ավտուբուսների խնդրին էլ անդրադառնալով Մարությանն ասել է, որ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման նպատակով գումար հատկացնելու համար կարևոր է եղել, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը գա և քվեարկի, սակայն նախորդ օրը ճնշումներ են գործադրվել ավագանու անդամների նկատմամբ, արդյունքում անհրաժեշտ քվորումն իշխող ուժը չի ապահովել, բայց անկախ անդամների մասնակցությամբ հաջողվել է հարցը հաստատել, և ավտոբուսները բերվել են։

«Փաստացի, այս մարդիկ ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների միայն մի բանի համար, որ ասեին, որ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները։ Այսինքն, նեղ խմբակային շահը վեր են դասում համայնքի շահից։ Ու թող հեքիաթներ չպատմեն, թե իբր կառավարությունը ուզում է ավելի լավ ավտոբուսներ բերել։ Բերող էիք՝ բերեիք»,-անկեղծացել է Հայկ Մարությանը։

Հիշեցնենք՝ այսօր Երևանի քաղաքապետարանում ընթանում է քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով հրավիրված ավագանու արտահերթ նիստ։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պնդում է, թե մեկ տարի առաջ իշխող կուսակցությունը լքած Հայկ Մարությանը, իշխանության հետ խզված կապերի պայմաններում, չի կարող շարունակել պաշտոնավարումը։ Մարությանին անվստահություն հայտնելու 6 պատճառների թվում իշխող խմբակցությունը նշել է, որ նա բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները, բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը։

Лента

Рекомендуем посмотреть