«Ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների, որ ասեին՝ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները»․ Մարության - RadioVan.fm

Онлайн

«Ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների, որ ասեին՝ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները»․ Մարության

2021-12-22 15:54 , Политика, 1370

«Ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների, որ ասեին՝ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները»․ Մարության

«Թող հեքիաթներ չպատմեն, թե իբր կառավարությունը ուզում է ավելի լավ ավտոբուսներ բերել։ Բերող էիք՝ բերեիք»,-այդ մասին քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցով հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իշխող խմբակցության հայտարարություններին, թե ինքը կորցրել է կապը ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ։

Մարությանը համաձայնեց՝ «Այո, կորցրել է» ու պատմեց համատեղ աշխատանքի բազմաթիվ դրվագներից մեկի մասին որ պարզ լինի, թե ինչու է դա տեղի ունեցել։

«Բոլորս գիտենք տրանսպորտի վիճակը Երևանում և բոոլորս գիտենք, որ օր առաջ պետք է այս հարցին լուծում տալ։ Այդ նպատակով, անցած տարվանից սկսել ենք ավտոբուսներ գնել համայնքի միջոցներով։ Տենդեր էինք հայտարարել 8,6 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերեկու համար, որը կայացել էր, և պետք է ավագանին համաձայնություն տար, որ գումար հատկացնեինք գնման համար։ Դա 2021 թվականի փետրվարն էր։ Ահռելի ծավալի աշխատանք էինք կատարել, և ավագանին ընդամենը պետք է քվեարկեր։ Եվ ահա, ավագանու նիստին նախորդող երեկոյան տեղեկություն ենք ստանում, որ ՔՊ վարչության որոշ անդամներ հրահանգել են, որ Իմ քայլը քվորում չապահովի։ Պարզ ասած, որոշել էին տապալել ավտոբուսների գնման գործընթացը։ Մենք մեծ դժվարությամբ, զանգելով, բացատրելով կարևորությունը, խնդրելով մեր գործընկերներին հրավիրեցինք նիստի, բայց այնուամենայնիվ, Իմ քայլը ֆրակցիան բավարար չափով ձայներ չապահովեց՝ այդ կարևորագույն որոշումը ընդունելու համար։ Բառացիորեն քվեարկությունից առաջ դահլիճից մարդկանց զանգով դուրս էին հանում։ Եվ որոշումը կարողացանք ընդունել միայն ավագանու ընդդիմադիր և անկախ անդամների ներկայության շնորհիվ՝ +1 ձայնով։ Փաստացի, այս մարդիկ ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների միայն մի բանի համար, որ ասեին, որ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները։ Այսինքն, նեղ խմբակային շահը վեր են դասում համայնքի շահից։ Ու թող հեքիաթներ չպատմեն, թե իբր կառավարությունը ուզում է ավելի լավ ավտոբուսներ բերել։ Բերող էիք՝ բերեիք։ Մենք 850 ավտոբուսի կարիք ունենք, 211 հատն էինք էդ պահին բերում, մնացածն էլ դուք բերեիք, երեք տարի ժամանակ ունեիք, բերեիք, էսօր բերեք, վաղը բերեք, մի բան բերեք։

Այսքանից հետո, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարաբերություններ ես պետք է ունենամ ավագանու այս ֆրակցիայի հետ»,-մանրամասնեց Հայկ Մարությանը։

Հիշեցնենք՝ այսօր Երևանի քաղաքապետարանում ընթանում է քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով հրավիրված ավագանու արտահերթ նիստը։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պնդում է, թե մեկ տարի առաջ իշխող կուսակցությունը լքած Հայկ Մարությանը իշխանության հետ խզված կապերի պայմաններում չի կարող շարունակել պաշտոնավարումը։

Մարությանն այսօր բացահայտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու պատճառները՝ շեշտելով, որ չի հեռացել «Իմ քայլը» խմբակցությունից։ Նա բացահայտել է, որ բազմաթիվ պաշտոնյաներից այս կամ այն հարցին միջամտելու զանգեր է ստացել, ինչը իր համար տհաճ ազդակ է եղել։

Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ հրավիրված նիստին երևանցիներին հղած Հայկ Մարությանի ուղերձի մանրամասները՝ հետևյալ հղմամբ։

Հավելենք՝ ավագանու անդամները քաղաքապետին անվստահություն են հայտնելու փակ-գաղտնի քվերակությամբ։ Իշխող ուժի թեկնածուն այդ պաշտոնում անկուսակցական փոխքաղաքապետ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Սարգսյանն է։

Лента

Рекомендуем посмотреть