«Արդեն շատ երկար ժամանակ՝ ավելի քան 20 տարի, Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է այդ գործընթացի մեջ»,-այսօր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ հնչող հայտարարություններին, թե այն «պիտի և կարող էր լուծվել այսպես»:
Փաշինյանը, նշելով, որ այդ տարիներին պարբերաբար լսվել են քաղաքական հայտարարություններ, ընդգծել է, թե, երբ հասանելիություն է եղել բանակցային բովանդակությանը, պարզվել է, որ շատ դեպքերում Հայաստանում հնչող քաղաքական հայտարարությունները կապ չունեն այն բովանդակության հետ, որը ձևավորվում էր բանակցային սեղանի շուրջ:
Իրենք՝ շեշտել է գործադիրի ղեկավարը, չեն ուզում գնալ նույն ճանապարհով, իրենք ուզում են փակ խորհրդակցություններում, հրապարակային ելույթներում և բանակցային սեղանի շուրջ խոսել նույն բովանդակության շրջանակում:
«Մենք չենք ուզում ներսում ասել մի բան, դրսում խոսել այլ բան, հետո ընկնել ներսի և դրսի խոսացածների տարբերության արդյունքում առաջացած թակարդների մեջ»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ իրենց խնդիրը պարզ է՝ ամրապնդել Հայաստանի Հանրապետությունը, ամրապնդել մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը, ապահովել Արցախի լինելիությունը, Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք պաշտպանությունը, հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի ընդունելի կարգավիճակի միջազգայնորեն ճանաչմանը: Եվ այս ուղղություններով աշխատանքը շատ մեծ նվիրում, հետևողականություն, հավասարակշռվածություն պիտի պահանջի մեզանից:
Վարչապետն իր ելույթում անդրադարձել է նաև նոր ձևավորվող միջավայրում ԱԱԾ քայլերին։
Ելույթի սղագրությունն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ։