«Սոչիում և Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներից հետո ես տեսնում եմ հնարավորություն, որ մենք կարող ենք քայլ-քայլ առաջ շարժվել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ճանապարհով»,-այդ մասին այսօր, Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում, իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամենն անելու է՝ այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար:
Վարչապետն անդրադարձել է նաև Ղարաբաղի հարցին՝ նշելով․
«Երբ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պիտի և կարող էր լուծվել այսպես: Թող լուծվեր: Իսկ ինչո՞ւ չի լուծվել: Եթե կարող էր և պիտի լուծվեր այդպես, ինչո՞ւ չի լուծվել: Արդեն շատ երկար ժամանակ՝ ավելի քան 20 տարի, Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է այդ գործընթացի մեջ: Մենք անընդհատ լսել ենք քաղաքական հայտարարություններ, իսկ երբ վերադարձել ենք և հասանելիություն ենք ստացել բանակցային բովանդակությանը, տեսել ենք, որ շատ դեպքերում Հայաստանում հնչող քաղաքական հայտարարությունները կապ չունեն այն բովանդակության հետ, որը ձևավորվում էր բանակցային սեղանի շուրջ:
Մենք չենք ուզում գնալ նույն ճանապարհով: Մենք ուզում ենք փակ խորհրդակցություններում, հրապարակային ելույթներում և բանակցային սեղանի շուրջ խոսել նույն բովանդակության շրջանակում: Ես չեմ ասում, որ դռնփակ և դռնբաց հանդիպումները պետք է բովանդակությամբ լինեն 100 տոկոս նույնական: Ես նկատի ունեմ ուղղությունները, որովհետև ցանկացած խոսակցություն՝ առավելևս անվտանգությանը վերաբերող, ունի գաղտնիության բազմաթիվ շերտեր: Բայց ես ասում եմ, որ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք չենք ուզում ներսում ասել մի բան, դրսում խոսել այլ բան, հետո ընկնել ներսի և դրսի խոսացածների տարբերության արդյունքում առաջացած թակարդների մեջ:
Սա է մեր մեծագույն խնդիրը, և այստեղ ես տեսնում եմ նաև, որ, այո, քաղաքական գործընթացների ճշգրիտ ապահովման համար ունենք Ազգային անվտանգության ծառայության մարմինների փորձագիտական, պրոֆեսիոնալ օժանդակության և աջակցության կարիքը: Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ Կառավարությունը պետք է մեր Ազգային անվտանգության ծառայությանը և Ազգային անվտանգության ծառայության մարմիններին կարողանա օժտել այնպիսի հնարավորություններով, որ իր առաջ դրված խնդիրները լուծելի լինեն: Պիտի խոստովանեմ և արձանագրեմ, որ, այո, շատ երկար տարիների ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը գործել է տեխնիկապես համակարգային առումով ոչ պատշաճ բավարարվածության մակարդակով: Բայց, մյուս կողմից, պիտի արձանագրեմ, որ, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ Ազգային անվտանգության ծառայության կողմից լուծվել են և լուծվել են բազմաթիվ ծառայողների նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և պետական ծառայության արժեքն իմանալու շնորհիվ:
Մենք երբեք չենք ասում, որ մեր պետական կառավարման մարմինների աշխատանքն անթերի է, բայց այսպիսի հանդիսավոր օրերին մենք հատկապես պիտի շեշտենք այն դրականը, որը կա, որպեսզի նոր լիցք ստանանք՝ գնալով ավելի բարդացող խնդիրները լուծելու համար: Իսկ մեր խնդիրը պարզ է՝ ամրապնդել Հայաստանի Հանրապետությունը, ամրապնդել մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը, ապահովել Արցախի լինելիությունը, Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք պաշտպանությունը, հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի ընդունելի կարգավիճակի միջազգայնորեն ճանաչմանը: Եվ այս ուղղություններով աշխատանքը շատ մեծ նվիրում, հետևողականություն, հավասարակշռվածություն պիտի պահանջի մեզանից:
Այո, շատ դեպքերում մենք պետք է փոխենք մեր դիտանկյունը, պետք է կարողանանք համապատասխանեցնել մեր ընկալումը ժամանակակից աշխարհին և նրա մարտահրավերներին, պիտի կարողանանք հաղորդակցության մեջ լինել աշխարհի հետ: Գիտեք, շատ դեպքերում այնպիսի տպավորություն է և, իմիջիայլոց, սա վերաբերում է մեր անկախության ամբողջ շրջանին, որ մենք շատ դեպքերում ասել ենք մեր ասելիքը՝ ըստ էության, չլսելով կամ չլսելու տալով, թե ինչպես է դրան արձագանքում միջազգային հանրությունը: Ո՛չ դժբախտաբար, ո՛չ էլ բարեբախտաբար, ուղղակի սա պիտի արձանագրեք, մենք ապրում ենք միջավայրում, այդ միջավայրն աշխարհն է, միջազգային հանրությունն է, մենք պետք է առավել ուշադիր լինենք՝ հասկանալու միջազգային հանրությանը և պետք է առավելագույն ջանք գործադրենք՝ միջազգային հանրությանը հասկանալի լինելու համար: Սա է այն բանաձևը, որը պիտի ապահովի և երաշխավորի Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը անկախությունը, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների լիարժեք պաշտպանությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում։