Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 31-ամյա Ռուբեն Ռուբինյանը 2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011-ին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:
2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ:
2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):
Հիշեցնենք՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչն էլ, ինչպես հայտարարվել է օրեր առաջ, Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է լինելու։ 63-ամյա դիվանագետը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում է շուրջ 37 տարի, Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության ակտիվ ջատագովներից է։