Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում նախօրեին գրառում է կատարել իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ նշելով․
«ՔՊ-ն Երևանի ավագանիում անհրաժեշտ քանակի վստահելի անդամներ չունի, որպեսզի կարողանա պաշտոնանկ անել Հայկ Մարությանին:
Այս հարցում ՔՊ-ին հերթական անգամ «բարոյական աջակցություն» կցուցաբերի՞ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Համոզմունք ունեմ, որ այս անգամ էլ լուսավորները իշխանությանը անգնահատելի ծառայություն կմատուցեն»։
Նշենք՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկի մասին մամուլը գրեց օրերս։ Ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն ասել էր, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա։
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր հայտնել է, որ երեկ ուշ երեկոյան ծանուցվել են նախաձեռնության մասին և իրենց տեսակետը կհայտնեն առաջիկայում։ Մինչդեռ նույն խմբակցության անդամ Անի Խաչատրյանը տեղեկացրել է, որ կմիանա գործընթացին, քանի որ համարում է, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը: