Այսօր կեսօրին Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։
Միաժամանակ տեղեկացվում է, որ ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է, իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Նշվել էր, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ 14։25-ին հաղորդվել էր, որ այդ պահին փոխհրաձգությունը շարունակվում է։