Ալիևն ու Էրդողանը Աշխաբադում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին - RadioVan.fm

Онлайн

Ալիևն ու Էրդողանը Աշխաբադում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին

2021-11-29 18:57 , Политика, 1101

Ալիևն ու Էրդողանը Աշխաբադում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀՏ) 15-րդ գագաթնաժողովում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Իլհամ Ալիևը, հիշեցնելով, որ կազմակերպության նախորդ գագաթնաժողովի ժամանակ գործընկերներին տեղեկացրել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարել է, թե այսօր կարող է ասել, որ այն իրականություն է դառնում։

«Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ ՏՀԿ անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքից»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ, իր հերթին, ընդգծել է, «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը։

Ասելով, թե «Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը բեռնափոխադրումների համար կարևոր դեր են խաղում», Էրդողանը հայտարարել է, թե հայտնի է «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը։

«Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային միջանցքների զարգացմանը»,-ասել է նա։

Հավելենք, սակայն, որ, ի հեճուկս թուրք-ադրբեջանական պարբերաբար շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի բացման թեզին, հայաստանյան իշխանությունները շեշտում են, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով որևէ միջանցքի մասին խոսք չկա։

Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ջեյհուն Բայրամովն էլ, թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում, վերջերս իրարամերժ հայտարարություններ էր արել։ Նշելով, թե «միջանցք»-ի ստեղծման ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում, Բայրամովը հավելել էր․

«Տարածաշրջանում անհրաժեշտ է վերականգնել ճանապարհային և երկաթուղային կապերը․․․Եթե եռակողմ հայտարարության կետերը կյանքի կոչվեն, ապա միջանցքի բացումը երկար չի սպասեցնի։ Միջանցքի բացման ստույգ ժամկետը նշելը վաղաժամ է, սակայն գործընթացն գնում է, թեև դժվարությամբ»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть