Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀՏ) անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած 15-րդ գագաթնաժողովի արդյունքներով նախօրեին ընդունել են ամփոփիչ հռչակագիր՝ «Գործողությունների աշխաբադյան կոնսենսուս» անվանումով։
Ուշագրավ է, որ հռչակագրում կազմակերպության անդամ երկրները, որոնցից մի քանիսը հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ, շնորհավորել են Ադրբեջանին 2020 թվականի 44-օրյա պատերազմում հաղթանակի կապակցությամբ։
Հռչակագրում «շնորհավորելով Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ օկուպացված տարածքների ազատագրման ու տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ, և հաստատապես հավատալով, որ իրադարձությունների նման զարգացումը բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայուն խաղաղության ու տնտեսական բարգավաճման համար»՝ 27-րդ կետով կոչ է արվում կազմակերպության անդամ-երկրներին՝ ուսումնասիրել «Ադրբեջանի ազատագրված տարածքների» վերականգնման ու վերակառուցման ծրագրերում ներդրումներ կատարելու հնարավորությունները։
Տնտեսական համագործակցության կազմակերպությանն անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Աֆղանստանը, ինչպես նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, որոնք նաև ՀԱՊԿ անդամներ են։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը