Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) նոր շտամով՝ «օմիկրոն»-ով պայմանավորված Հայաստանը մինչև օրվա վերջ մի շարք սահմանափակող միջոցառումներ կկիրառի:
Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ վարակը շարունակում է մուտացվել: Հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք տարբերվում են նախորդներից տարածման ակտիվությամբ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված «Օմիկրոն» շտամն ունի փոխակերպման բարձր աստիճան. այն 50 մուտացիա է կրում, որից 30-ը՝ սպայկային սպիտակուցում (spike protein)։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս պահին մանրակրկին ուսումնասիրում է, թե, բացի տարածման ակտիվությունից, ինչ այլ առանձնահատկություններ ունի այս նոր շտամը»,-ասել է Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Հայաստանը ևս, հետևելով ԱՀԿ հաղորդագրություններին, ժամանակավորապես կսահմանափակի Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոթոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը երկիր։
Ավանեսյանի տեղեկացմամբ՝ գումարվելիք միջգերատեսչական հանձնաժողովի նիստում այլ սահմանափակումներ ևս կկիրառվեն։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին ԱՀԿ-ն ճանաչել է Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը, որն արդեն հայտնաբերվել է Հոնկոնգում, Իսրայելում, Ավստրալիայում ու եվրոպական մի շարք երկրներում։ Նոր շտամի մասին թարմացված տեղեկատվությունում ԱՀԿ-ն, հայտնելով, որ դեռ ուսումնասիրություններ են արվում նոր շտամի ազդեցությունը լիարժեք հասկանալու համար, նշել է, որ այն մարդիկ, որոնք նախկինում վարակվել են կորոնավիրուսով, կարող են հայտնվել «Oմիկրոն»-ով վարակվելու վտանգի տակ: